Գառնի

Գառնի ասելով շատերը պատկերացնում են միայն այնտեղ գտնվող հեթանոսական տաճարը, սակայն այն մեկն է բազմաթիվ հրաշալիքներից, որոնք կգտնես այս վայրում:

Գառնին ժամանակին ամրոց և արքայական ամառանոց է եղել: Ամրոցի դիրքը ռազմավարական նշանակություն է ունեցել, այն գրեթե անխոցելի է եղել։ Նույն ժամանակ այդ դիրքը շատ գեղեցիկ ու գրավիչ տեսք ունի։ Արքայական ամառանոց լինելու և արքայի քրոջ հովանու ներքո լինելն էլ թույլ է տվել տարածքում գտնվող տաճարին պահպանվել 4-րդ դարի սկզբին, երբ հայկական հեթանոսական տաճարների մեծ մասը ոչնչացվեց՝ իր տեղը զիջելով քրիստոնեական եկեղեցիներին: Եվ Գառնու տաճարն այսօր հանդիսանում է Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարը: Վերջինս հելլենիստական տիպի պերիպտերոս է, որը, չնայած իր ճարտարապետությամբ ամբողջովին կրկնում է հունական դասական տաճարի տիպը, սակայն այնուաենայնիվ իր մեջ ունի տարրեր, որոնք կարող էին միայն տեղացի վարպետի ձեռքի գործը լինել: Այն նվիրված է եղել Միհր աստծուն, որն արևի, լույսի ու ճշմարտության պահապանն էր՝ համարժեք ժամանակին մեծ տարածում գտած Միթրա աստծու պաշտամունքին: Տաճարին կից պահպանվել են 7-րդ դարի սբ Սիոն եկեղեցու հիմքերը, ըստ որոնց այն կառուցվել է ժամանակի ամենանշանավոր եկեղեցիներից մեկի՝ Զվարթնոցի նմանությամբ: 

 

Գառնի - 500 կմ Հայաստանում

 

Տաճարից մի փոքր հեռավորության վրա պահպանվել է բաղնիք, որն էլ խոսում է ժամանակին այստեղ արքունական բնակատեղիի գոյության մասին: Բաղնիքի ներսում պահպանվել է բացառիկ մի խճանկար՝ հելլենիստական դիցաբանական թեմաներով: Այն Հայաստանի տարածքում պահպանված եզակի խճանկարներից մեկն է: 

Գառնիում է ժամանակին գտնվել նաև հայկական ամենահին խաչքարը, որը թվագրվում է 879 թվականով:

Գառնու տաճարից մոտ մի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Քարերի սիմֆոնիան, որտեղ մայր բնությունն իր ձեռքով երաժշտական ու ճարտարապետական մի գլուխգործոց է ստեղծել:

 

Քարերի սիմֆոնիա - 500 կմ Հայաստանում

 

Գառնու հեթանոսական տաճարը Հայաստանում զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է, իսկ հայ հեթանոսների շնորհիվ այստեղ շարունակում են նշել հին հայկական հեթանոսական տոները: