Մեր Մասին

Նախագծի մասին

Նոր մարտահրավեր բնության և արկածների սիրահարների համար՝ 500 կմ Հայաստանում։ Երթուղի, որը անցնում է 8 մարզերի միջով՝ հյուսիսից հարավ, Լոռվա Բերդից մինչև Տաթևի վանք։ Անցնում է տասնյակ գյուղերով, տարատեսակ բնակավայրերով՝ ծանոթացնելով իրարից խիստ տարբեր նիստուկաց ունեցող մարդկանց հետ, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով ճաշակել բազմաբնույթ ավանդական ուտեսներ ու ըմպելիքներ։ Գիշերելու ենք վրաններում և գյուղական հյուրատներում, չափչփելու ենք գետեր ու լեռնային լճեր, հայտնվելու ենք ամպերից վերև, իսկ գիշերները աստղերը մեզ ամենամոտն են լինելու։ Խարույկը մեզ միշտ ջերմացնելու է քնելուց առաջ, իսկ առավոտյան վայելելու ենք լեռնային խոտաբույսերից պատրաստված թեյ։ Այս ընթացքում սովորելու ենք օգտվել բնության բարիքներից, ճանապարհը անցնելու ենք միայն ոտքով, լեռնային ու դաշտային արահետներով, անտառներով ու կիրճերով, հնավայրերով և բնությանը ձուլված հնագույն կոթողներով։

 

500 կմ անցնելուց հետո վստահ կարող ենք ասել, որ ճանաչում ենք Հայաստանը՝ Լոռվա մարզից մինչև Սյունիք։ Այս 28 օրյա շրջագայությունը փոխելու է մեր ներաշխարհը, մեր հայացքներն ու վերաբերմունքը բնության նկատմամբ։ 

500 կմ Հայաստանում նախագիծը ստեղծվեց բացահայտելու այն երկիրը, որին հաճախ անվանում են թանգարան բաց երկնքի տակ, ստեղծվեց, որ ցույց տա Հայաստանի լեռներում թաքնված հրաշքները և բնության կտրուկ անցումները։

 

Նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի նաև զբոսաշրջության զարգացման համար, հատկապես նորաստեղծ համայնքներում և բնակավայրերում, որտեղ այս ոլորտը մեծ պոտենցիալ ունի։

500 կմ Հայաստանում - Թիմի անդամներ

Ծանոթացեք մեր թիմի հետ

Մենք ունենք տարբեր մասնագիտություններ, տարբեր նախասիրություններ, աշխատում ենք իրարից տարբեր ոլորտներում, բայց կա մի բան, որ մեզ դարձնում է թիմ։ Մեր մեջ կա սեր դեպի բնությունն ու մոլորակը, սեր՝ մոլորակի այս գողտրիկ անկյունում ծվարած մեր լեռնաշխարհի հանդեպ։ Այդ սիրո արդյունքում ծնվեց մի գաղափար՝ միավորելով մեր ներուժը: Այսպես ստեղծվեց 500 կմ Հայաստանում նախագիծը։ Մեր երազանքը կյանքի կոչելու պատրաստակամությունը և արդեն արված աշխատանքի մասշատբները ապացույցն են իսկական թիմային ոգու: Մեր թիմը համալրում են տուրիզմի մասնագետն ու լեռնագնացը, ծրագրավորողն ու ֆինանսիստը, պատմաբանն ու արվեստաբանը, դիզայներն ու բժիշկը։ Բայց եթե դու էլ ես մոտիվացված ու հետաքրքրվում ես այս թեմաներով՝ միացիր մեր թիմին:

500 կմ Հայաստանում - Թիմի անդամներ