Արագած

Արագածը նշանավորվում է որպես Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթ։ Այն ունի չորս գագաթ (Արևելյան, Հյուսիսային, Արևմտյան, Հարավային) և կենտրոնում գոյացած մի խառնարան։ Վերջինիս պատկերը ցանկացած գագաթից աննկարագրելի գեղեցիկ են։ Այդ պատկերը ստացվում է ժայռերի և ձյան ներդաշնակ համադրությունից և խառնարանի խորությունից, որը ամենաբարձր գագաթի հետ ունի մոտ 1000 մետր հարաբերական տարբերություն։ Արագածի ամենաբարձր գագաթը Հյուսիսայինն է, որը նաև ՀՀ ամենաբարձր կետն է՝ 4090 մ։
Հյուսիսային- 4090 մ
Արևմտյան- 3995 մ
Արևելյան- 3908 մ
Հարավային- 3887 մ

Լեռան հարաբերական բարձրությունը մոտ 2100 մետր է։ Այն ունի նաև ահռելի մեծ ստորոտային մակերես. Արագածոտնի մարզի մեծ մասը փռված Արագածի ստորոտներն են։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Արագածը մինչ ժայթքելը եղել է միագագաթ և ունեցել է մոտ 7000 մետր բարձրություն։

Արագածի բնությունը, հաշվի առնելով իր մեծությունն ու փռվածությունը, շատ բազմազան է։ Ընդհանուր առմամբ կարող ենք բնութագրել հետևյալ կողմնորոշիչներով՝ քարեր, ժայռեր, մարգագետիններ, ջրեր (գետակներ ու լճակներ) և ձյուն։

 

Կենդանական աշխարհը բազմազան է, կան նաև խոշոր գիշատիչներ՝ գայլեր, արջեր, շատ հաճախ Արագածի գագաթներից վեր կարելի է տեսնել ճախրող արծվի։

Արագածի լանջերին և ստորոտներին կան բազմաթիվ հուշարձաններ և հին բնակավայրեր։ Կան նաև բազմաթիվ բնական հուշարձաններ՝ ջրվեժներ, լեռնային լճակներ։ Արագածի ջրերով սնուցվում են հարյուր հազարավոր մարդիկ, այդ սառնորակ ջրերը հասնում են մինչև մայրաքաղաք Երևան։

Արագածը ամեն տարի այցելում են հազարավոր լեռնագնացներ ու զբոսաշրջիկներ։ Ավելի շատ այցելուներ ունի հատկապես հարավային գագաթը, որը ավելի դյուրին է բարձրանալ, քան մյուսները: