Սմբատաբերդը Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանված ամենանշանավոր բերդերից մեկն է: Ըստ որոշ աղբյուրների՝ այն գոյություն է ունեցել դեռևս 5-րդ դարում, սակայն ներկայումս պահպանված կառույցները վերաբերում են 13-րդ դարին:
Ռազմավարական տեսանկյունից դիրքը շատ ճիշտ է ընտրված, քանի որ ամրոցը բնությունից արդեն պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով: Իսկ մնացած կողմերում պաշտպանության խնդիրը լուծում են հզոր պարիսպները: Բերդի տարածքում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ:
Բազալտից կառուցված այս հզոր շինությունը յուրահատուկ լրացում է տեղի բնական պայմանների համար, իսկ քայլարշավի սիրահարներին՝ յուրահատուկ ևս մի նպատակակետ Հայկական լեռնաշխարհում: