Գեղարդ

Ասում են՝ Հիսուս Քրիստոսի կողը վիրավորած սբ. Գեղարդը 13-րդ դարում պահ է տրվել Ազատ գետի ափին՝ խորը ու գեղատեսիլ կիրճի մեջ գտնվող Այրիվանքում: Հենց այդ պատճառով էլ վանքը սկսել են անվանել Գեղարդավանք: 18-րդ դարում Գեղարդը տեղափոխվել է Էջմիածին, որտեղի գանձարանում էլ պահվում է մինչ այժմ:

Այրիվանքը նույնպես պատահական անվանում չէ. Այրիվանք՝ Քարայրների վանք, որի մեծ մասը փորված է ժայռի մեջ: Այս կոթողը կենդանի վկան է հայկական մշակույթի և բնության մեկտեղման, առանց որի ապրել չէր կարող լեռնաբնակ հայը: Այն գոյություն է ունեցել դեռևս վաղ միջնադարում՝ կառուցվել է նախկինում գոյություն ունեցած հեթանոսական տաճարի տեղում: Սակայն վանքը իր լիարժեք ներկայիս տեսքը ստացել է 13-րդ դարում:

 

Գեղարդ - 500 կմ Հայաստանում

 

Վանքային համալիրի գլխավոր խաչագմբեթ եկեղեցին ժայռի մեջ չի փորված, սակայն նրա գավիթ-ժամատնից բացվող երկու մուտքերով կարելի է հայտնվել ժայռափոր երկու՝ Ավազան և սբ Աստվածածին եկեղեցիներում: Առաջին եկեղեցին կոչվում է Ավազան, քանի որ նրա մեջ փորված ջրավազանով հոսում են բուժիչ և սուրբ համարվող ստորգետնյա ջրեր: Նորություն չէ, որ հայկական ջուրը դեռևս հեթանոսական ժամանակներից աստվածային է համարվել: Մինչ այժմ էլ այն թե՛ իր մաքուր վիճակով, թե՛ հագեցած բուժիչ հանքային նյութերով՝ հայտնի է ողջ աշխարհում:

Վանքում ամենաուշը ստեղծված և ամենաընդարձակ կառույցը վիմափոր ժամատուն-հանգստարանն է: 

Վանքի տարածքում ժայռերին գեղագիտական տեսք են հաղորդում ոչ միայն ճարտարապետական կառույցներն, այլ նաև քանդակային հարդարանքները: Հայկական արվեստին ամենաբնորոշ խաչքարային արվեստի յուրահատուկ նմուշները կգտնես այստեղ, ո՛չ միայն փորված ժայռերի մակերեսներին, այլև կանգնած առանձին կոթողների ձևով: Դրանք էլ լիարժեք են դարձնում ողջ վանական համալիրի գեղագիտականությունը: Սակայն վիմափոր եկեղեցիներում կան նաև աշխարհիկ քանդակներ՝ տոհմական զինանշաններ, տարբեր կենդանիներ, ինչպես նաև մի շարք արձանագրություններ:

 

Գեղարդ - 500 կմ Հայաստանում

 

Միջնադարում Գեղարդավանքում գործել է դպրոց, այն եղել է շատ կարևոր կենտրոն ոչ միայն հոգևոր կյանքում, այլ նաև` հասարակական և քաղաքական: Ժամանակի իշխանները մեծ կարևորություն էին տալիս նմանատիպ վանքերի գոյությանն ու գործունեությանը, այդպիսով նպաստելով մշակութային կյանքի վերելքին: Այն եղել է նաև ճգնավորական կենտրոն, ժայռերի մեջ փորված բազմաթիվ խցերում ապրել են մենակյացներն ու կապ հաստատել տիեզերքի հետ:

 

Գեղարդ - 500 կմ Հայաստանում

 

Գեղարդավանքն ու շրջակայքի լեռների, ժայռերի, անտառների ու վտակների միաձուլումը մի կատարյալ ստեղծագործություն է, որի վրա հավասարապես ներդրում են ունեցել բնությունն ու մարդկային հանճարը: Պատահական չէ, որ այն ներկայիս Հայաստանի ամենասիրելի զբոսաշրջային վայրերից է, որը տարեկան ընդունում է ավելի քան մեկ միլիոն հյուրերի աշխարհի ամենատարբեր երկրներից: Հյուրերի մեջ սիրով կսպասենք նաև քեզ 🙂