Լոռէ բերդը Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանված եզակի բերդերից է։ Ընդհանրապես, Հայաստանի տարածքն իր բնական կառուցվածքով բերդերի կարիք այնքան էլ չի ունեցել, քանզի այստեղ ամենուր լեռներ ու անառիկ ժայռեր են։ Սակայն որոշ վայրերում, հատկապես քաղաքների շուրջ, կառուցվել են այդպիսի ամրոցներ։
Լոռի կամ Լոռէ բերդն իրենով հենց քաղաք էր, որն ընդգրկում էր Ձորագետ և Միսխանա գետերի խոր ձորերի միջև ընկած սարահարթը։ Այդ քաղաքն իր չափերով բավականին խոշոր էր, դրա մասին են վկայում տարածքում հայտնաբերված տարբեր նպատակների ծառայող շենքերի, բաղնիքների, քաղաքացիական կառույցների մնացորդները։
Լոռէ բերդն անտարբեր չի թողնի ճարտարապետությամբ և քաղաքաշինությամբ հետաքրքրվող մարդկանց, ինչպես նաև ճանապարհի հիանալի մեկնարկ կապահովի քեզ համար։