Վերնագիրը կարդալիս` երևի առաջին հերթին մտաբերեցիք հայտնի երգը Ղափամայի մասին` Հե~յ ջան Ղափամա, համով-հոտով Ղափամա… իսկ մենք բացի բաղադրատոմսից գիտե՞նք արդյոք Ղափամայի պատմությունն ու արմատները: Դե ինչ, ժամանակն է իմանալու ավելին մեր ազգային ամենահամեղ ուտեստներից մեկի մասին, իսկ վերջում էլ կծանոթանանաք ամենահայտնի բաղադրատոմսին:
Ազգերն աշխարհում առանձնանում են մշակույթով, պատմությամբ, կրոնով ու, իհարկե, ազգային ճաշատեսակներով: Ղափաման հայկակա՞ն է, թե՞ ոչ, հարցին լիարժեք պատասխանելու համար նախ և առաջ ծանոթանանք բառի ստուգաբանությանը:
Ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական ճաշացանկերում ուտեստը հանդիպում է է капама կամ хапама անուններով: Ենթադրվում է, որ բառը հայերենից անցել է թուրքերենին, քանի որ թուրքերենում «ղափա» նշանակում է փակ, որից էլ` «ղափաղ», այսինքն`«կափարիչ» բառը: Միևնույն ժամանակ նշենք, որ Ղափամա բառը Կափամա ձևով նույնպես նման է կափարիչ բառին: Չունենալով Կ տառը` թուրքերենում դրա փոխարեն օգտագործվել է Ղ-ն, ինչպես օրինակ՝ Կապան-Ղափան, Կարախաչ-Ղարախաչ և այլն:
Ըստ Ստեփան Մալխասյանի «Հայերեն բացատրական բառարան»-ի` Ղափաման ունի թուրքական ծագում ու նշանակում է «փակ ամանի մեջ եփած միս»: Նման բացատրությունից հետո իհարկե առաջնային համարեցինք փնտրել Ղափաման թուրքական ազգային ուտեստների մեջ: Այցելելով կայքեր, որտեղ նկարագրված են թուրքական ճաշատեսակներ` Ղափամա անունով ոչ մի ուտեստ չգտանք: Իհարկե, թուրքերն ունեն նմանատիպ ճաշատեսակ, բայց պատրաստում են ոչ թե բոլորիս հայտնի եղանակով, այլ ոչխարի մսով ու ձավարով:
Ինչպես հայկական բոլոր ազգային ճաշատեսակները, ղափաման նույնպես ունի պատրաստման ծիսական արարողակարգ:
Նկարը՝ myentertrain.com
Հիմնականում այն պատրաստում են Ամանորի կամ Բարեկենդանի ժամանակ: Ըստ ավանդության` դատարկ դդումն այն ընդհանուր ու մեծ ամբարն է, որի մեջ ամփոփվում է անցած տարին՝ բերքն ու բարիքը, որ ստացել է հայի ընտանիքը: Հայտնի է, որ Ղափաման պատրաստվում է «քաղցրը` քաղցրի մեջ», այն նույնպես խորհուրդ ունի: Դդումի տարբեր տեսակներից ընտրում են ամենաքաղցրը` լցնելով դրա մեջ կյանքի մյուս գունեղ համերը`մեղրը, չամիչը, չիրը և այլն: Բաղադրիչների բազմազանությունը խորհրդանշում է ճոխ ու առատ կյանքը:
Կերակուրն ունի ևս մեկ հետաքրքիր պատմություն, ըստ որի դդումը խորհրդանշում է երկրագունդը, բրինձը, չամիչը, ընդեղենը `աշխարհի ժողովրդի հավատը, սերը, իսկ մեղրը՝ միասնությունն ու քաղցրությունը:
Մինչև բաղադրատոմսին անցնելը` մի փոքր էլ խոսենք դդումի մասին: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որի շնորհիվ շատ հեշտ է դիմակայել ձմռանն ու գարնանն ակտիվացող վիրուսային հիվանդություններին: Ունի հակաբորբոքային ազդեցություն, օգտագործվում է նաև կոսմետոլոգիայի մեջ։ Դդումն իրենց սննդակարգում ընդգրակած մարդիկ հազվադեպ են հիվանդանում թոքախտով, կոկորդի քաղցկեղով և այլ հիվանդություններով։
Հետաքրքրական է, որ դդումի խաշված ու խորովված տեսակը, կարելի է ասել, չի կորցնում իր օգտակար հատկանիշները, չնայած` թարմ դդումի հյութը մի քանի անգամ ավելի շատ է պարունակում վիտամիններ ու միներալներ։
Նկարը՝ wikipedia
Դե իսկ վերջում` խոստացված համեղ բաղադրատոմսը.
Անհրաժեշտ է`
- 1 հատ 2-3 կգ դդում
- 1 բաժակ բրինձ
- 100 գ կարագ կամ մեկ ճգ յուղ
- 6 ճգ մեղր
- 200 գ չամիչ
- 200 գ սալորի չիր
- 200 գ ծիրանի չիր
- Աղ, դարչին:
Իսկ այստեղ կարող եք գտնել պատրաստման մի քանի եղանակներ։