Բաշ-Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրը

Արև Մախսուդյան27.05.2020

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքը հայկական հնագույն բնակավայրերից է: Եղել է Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ մինչ օրս կանգուն է 5-րդ դարում նրանց կառուցած Քասաղի բազիլիկը (Ապարանի սբ. Խաչ եկեղեցին)։ 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարանք, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է նաև այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի Ապարանից Սուրբ Խաչ վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։


Քաղաքում մի բարձունքի վրա վեր է սլանում Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված «Վերածնունդ» հուշահամալիրը։ Այն կառուցվել է 1979թ. ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով(նրա վերջին աշխատանքն էր)։ Տեղական սև տուֆը առանձին շուք է տալիս հուշարձանին, որը դեպի երկինք վեհորեն հառնող եռախորան կառույց է և ներկայացնում է վերջին հարյուրամյակի պատմական երեք կարևոր դրվագ։ Առաջինը նվիրված է եղեռնի զոհերի հիշատակին, երկրորդը` Ապարանի հերոսամարտի մասնակիցներին, երրորդը` հայրենական մեծ պատերազմի ապարանցի մասնակիցներին:՛

Բաշ Ապարան
Վերածնունդ հուշահամալիր
Լուսանկարը՝ mediamax.am

Հուշահամալիրն իր ամբողջական տեսքին եկավ, երբ 2000թ. ԱՄՆ-ից բերվեց Բաշ-Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի` Դրաստամատ Կանայանի աճյունը և վերաթաղվեց այստեղ: Ասում են հենց այս վայրում էր նա նստում, հանգստանում, զրուցում իր սպիտակ ձիու հետ։ Հուշարձանի կառուցման աշխատանքներին զուգահեռ բարեկարգվել ու կանաչապատվել է շուրջ 7 հեկտար տարածք։ Տնկվել է մոտ 500 եղևնի և ավելի քան 500 բարդի։ Իսկ ի՞նչ հերոսամարտի մասին է խոսքը։

Դրոյի դամբարան
Դրոյի դամբարանը
Լուսանկարը՝ armeniasputnik.am 

1918թ մայիսը կարող էր դառնալ հայ ժողովրդի գոյության վերջին օրերը հայրենիքում։ Օսմանյան զորքերն անցել էին Ախուրյան ու Արաքս գետերը և շարժվում էին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Վանաձորի ուղղությամբ։ Ոտքի էին ելել նաև Երևանի նահանգի մահմեդականները`թուրքեր, քրդեր, թաթարներ: Արարատյան դաշտը շրջափակվել էր թուրքերով: Դիմադրությունը շատերին թվում էր անիմաստ, բայց ու՞ր փախչել: Երևանի նահանգի ղեկավարությունը` Արամ Մանուկյանի և զորահրամանատար Դրոյի գլխավորությամբ հայ ժողովրդի այս տագնապալի պահին որոշում կատարեց թուրքերի առաջխաղացումը կանխել Արարատյան դաշտում: Արամ Մանուկյանը դիմեց երևանցիներին` «Մենակ ենք ու պիտի ապավինենք մենակ մեր ուժերին»:Երևանի զորահրամանատար Մովսես Սիլիկյանն էլ դիմեց բոլորին` զինվորագրվելու իրենց իսկ զենքերով: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկում էին տեղափոխվել Բյուրական, բայց նա հրաժարվում է և ամբողջ պայքարի ընթացքում ոգեշնչում ժողովրդին:

Բաշ Ապարան
Վերածնունդ հուշահամալիր
Լուսանկարը՝ hayzinvor.am

Ահա այս ժամանակ էր, որ ծնվեց ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել նրա ողորմածությանը։ Ալեքսանդրապոլից դեպի Երևան շարժվող թուրքական զորքերը չէին սպասում նման ինքնապաշտպանության։ Մայիսի 23-ից 28-ը Ապարանում տևած մարտերն իրենց արդյունքը տվեցին և մայիսի 29-ի առավոտյան թուրքերը սպիտակ դրոշակ բարձրացրին։ Հերոսամարտն ավարտվեց փառահեղ հաղթանակով։ Անսահման մեծ է Ապարանի  ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը և այն չի զիջում Սարդարապատի ճակատամարտին: Այդ հերոսամարտերը մեր ժողովրդի գոյատևման նոր Ավարայրն էին`մեկը Արաքս գետի, մյուսը` Քասաղ գետի ափին: