Զանգեզուր աշխարհ… իսկական դրախտավայր… երբ լիաթոք շնչում ես ու զգում, որ ապրում ես… Այս կատարյալ բնության մեջ բոլորը կերազեին ծնվել ու մեծանալ… ապրել բնության կողքին, բնության մեջ, բնության հետ:
Զանգեզուր-Սյունիք աշխարհում ամեն քաղաք իր գեղեցկությունն ու հմայքն ունի: Բայց կա մի քաղաք, որը պատմությանը հայտնի է դեռ վաղուց, երբ մարդն ապրում էր քարայրում: Մինչ այժմ պահպանվել է քաղաքի այդ հին քարայրներով հատվածը, որը կոչվում է Կյորես կամ հին Գորիս: Իսկ այժմյան Գորիսը` լեռների մեջ ծվարած այս քաղաքը այցելելիս հնարավորինս մոտ ես զգում բնությանը, Որոտանի վտակ Վարարակն գետի քչքչոցն էլ ամբողջացնում է պատկերը:
«Լեռնաշխարհի գեղեցկուհի»…այս անվանումը ստացել է քաղաքը իր ոչ միայն դիրքի, այլ նաև հարմարավետ տնակների, փողոցների ու կոլորիտի համար:
Հայաստանի այս չքնաղ անկյունում է ծնվել հայ գրականության մեջ իր սքանչելիորեն գեղեցիկ «ձեռագրով» տարբերվող արձակագիր Ակսել Բակունցը, ում հիշում ենք դեռ գրականության դասագրքից` «Ալպիական մանուշակ»-ով: Նրա երկերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողի մեջ:
Նկարը՝ arm-biography
Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է»:
Շատ կապված էր Բակունցը հայրենիքի, հայրենի հողի հետ: Նա երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ: Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից առիթ: Սիրում էր գյուղը: «Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած` գյուղից գյուղ շրջելիս»,- ասում էր նա: Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակտոր և ագահաբար կհամբուրեր:
«Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ~,»- հպարտանում էր Բակունցը:
Նկարը՝ vikamarkosyan
Ցավոք խորհրդային ժամանակներում ապրելը կրճատեց նրա գրական կյանքն ու ընդհանրապես զրկեց կյանքից: Ազգը, գովերգելը, ազգային խնդրին, երկրին անդրադառնալը լավ հետևանքներ չէր բերում ստեղծագործողներին` այդ թվում և Բակունցին, ով գնդակահարվեց 1937թ. :
Գորիսի կոլորիտային փողոցներից մեկում է գտնվում այն տունը, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել Ակսել Բակունցը:1970թ. Այստեղ հանդիսավոր կերպով տեղի ունեցավ նրա տուն-թանգարանի բացումը, որպես Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի(ԳԱԹ) մասնաճյուց: Այդ օրվանից ի վեր այն Գորիս քաղաքի կաևորագույն մշակութային օջախներից մեկն է:
Թանգարանը յուրահատուկ է նրանով, որ այստեղ ոչ մի իր գնված չէ. շուրջ 500-ի հասնող բոլոր ցուցանմուշները նվիրատվություններ են: Տուն-թանգարանը վերանորոգված է ճիշտ այն ձևով, ինչպես գրողի կենդանության օրոք էր: Վերանորոգվել է նաև այն գեղեցիկ այգին, ուր Բակունցը տնկում և մեծացնում էր այնպիսի հազվագյուտ ծառեր ու բույսեր, որոնք հետագայում տարածվեցին ամբողջ Սյունիքի տարածքում (Բակունցը հիանալի գյուղատնտես էր):
Թանգարանում կա երեք սենյակ և հացատուն : Անմիջապես մուտքի առջև Բակունցի հուշասենյակն է, որտեղ նրա գրասեղանն է, վերնաշապիկը, կահույքը, մոր գործած գորգը: Հաջորդ ցուցասրահը ճաշասենյակն է, որտեղ ներկայացված են փաստաթղթեր, գեղանկարներ, լուսանկարներ, անձնական իրեր, գրքեր, ձեռագրեր : Մյուս ցուցասրահը Բակունցի ծնողների սենյակն է, իսկ հացատունը կահավորված է պղնձեղենով և վերաբացված թոնիրով:
Թանգարանի գեղեցիկ այգում կարող ենք տեսնել նաև մի խաչքար, որը նվիրված է Բակունցի 105-ամյակին և փոխարինում է գրողի անհայտ գերեզմանը:
Այպիսով Զանգեզուր-Սյունիք աշխարհում ևս մի հետաքրքիր նպատակակետ ավելացնենք մեր զբոսաշրջային աշխարհում: