«Ես չեմ նկարում Օսկարի կամ Լուվրի համար, դրանք ինձ հետաքրքիր չեն…»
«Ռոբը նման էր Արարատին ու երբ մի պահ փորձում ես հասկանալ, որ նա այլևս չկա, նույնն է, թե մի առավոտ պատուհանից նայես ու Արարատի բնանկարը չտեսնես» …
Հայ մուլտիպլիկացիան տակն ու վրա արած տաղանդավոր ռեժիսորի` Ռոբերտ Սահակյանցի մասին խոսելիս` ընկերներից մեկը նրան հիշել է հենց այս խոսքերով:
«Մուլտ» բառը չէր սիրում: Իր բոլոր ֆիլմերում թողնում էր փոքրիկ ինքնագիր`Ռոբ, չնայած առաց դրա էլ նրա ձեռագիրը ճանաչելի էր: Սահակյանցի մուլտֆիլմերն անհնար էր շփոթել ուրիշ որևէ վարպետի գործերի հետ:
Մուտքը
Հայկական մուլտիպլիկացիայում նա պատահական է հայտնվում: Մի օր Սահակյանցի մայրը թերթում հայտարարություն է կարդում. «Ստուդիան աշխատանքի է հրավիրում նկարիչների»: Մորը չնեղացնելու, մի քիչ էլ հետաքրքրությունից դրդված Ռոբը որոշում է գնալ: Ստուդիայում հանձնարարում են տանը ձի նկարել, բերել: Ռոբն առաջարկում է նկարել տվյալ պահին. «Թե չէ չեք հավատա, որ ես եմ նկարել»: Միանգամից մի քանի անիմացիոն ֆազաններով ձի է նկարում, որը նայելուց հետո ասում են. «Այս հիպպին մեծ մուլտիպլիկատոր կդառնա»:
Կերպարը
Սահակյանցն իր տեսակով, աշխարհայացքով, իր իսկ խոստովանությամբ հիպպի էր` երկարամազ, երկարամորուս, հաղթանդամ: Սովետական Միությունում ռոք երաժշտություն լսելու, սեփական կարծիքն ունենալու և այդ մասին բարձրաձայնելու համարձակություն քչերն ունեին: Սահակյանցն այդ քչերից էր:
Նա ստեղծում է մարդու կերպարը, որպես տիեզերքի մոդել, ժամանակի կերպարը քննում քաղաքականության պրիզմայով` էկրանավորելով բազմաթիվ հեքիաթներ, առակներ: Սահակյանցի մուլտիպլիկացիայում ծիծաղելին բազմանկյուն էր` նրա հումորը կերպարանք է ստանում, շրջում ֆիլմից ֆիլմ:
«Աղվեսագիրք»
1975 թ, ստեղծվում է առաջին ինքնուրույն մուլտֆիլմը: Սահակյանցն իր առաջին ֆիլմով դառնում է դասական: Միջնադարյան առակները ռեժիսորը վերածում է սյուրռեալիստական գործի: Սա մի ուրախ դիմակահանդես է, որտեղ պարում են բոլորը` ցանկանալով, կարծես, ներգրավել նաև հանդիսատեսին: Էլվինա Մակարյանի երգեցողությամբ, պատմությունից պատմություն անցնող կերպարները ցույց են տալիս հեղինակի խանդավառությունը: Բայց դեռ հարց էր, արդյոք մուլտիպլիկացիոն մյուզիքլը կընդունվի Պետկինոյի կողմից:
Հայ Ֆիլմի տնօրեն Կարեն Քալանթարը մի առիթով ասել է. «Ես 2 անգամ նայեցի, ոչինչ չհասկացա, բայց տղաներն ասում են` հանճարեղ է»: Տարիներ անց Սովետական կինոյի մեկ այլ դասական Ալեքսանդր Տատարսկին իր լեգենդար «Պլաստիրինե ագռավ»- ի մասին կասի, որ այն ընդամենը Ռոբի «Աղվեսագրքի» պլագիատն է:
Իսկ երբ Վիլյամ Սարոյանը ժամանում է Հայաստան և ծրագրերի շրջանակում նրան տանում են ՀայՖիլմ, տեսնելով, որ նա հոգնում է ցուցադրվող ֆիլմերից` ինչ-որ մեկն առաջարկում է գրողին ցույց տալ այն ժամանակ դեռևս բոլորին անհայտ Ռոբերտ Սահակյանցի «Աղվեսագիրքը:
Սարոյանն անհագ հետաքրքրվածությամբ դիտում է ֆիլմը և ասում. «Ինչու սա չէիք ցույց տալիս, լավագույնն է, որ ես երբևէ տեսել եմ»: Երբ Սահակյանցին պատմում են այդ մասին` առանց գործից կտրվելու, հանգիստ ասում է. «Ուրեմն կարգին մարդ է»:
Նկարը՝ livejournal.com
Հայ Ֆիլմում աստիճանաբար գոյանում է մուլտխումբ` Ռոբերտ Սահակյանց, Ստեփան Գալստյան, Վովա Մայիլյան, Յուրա Մուրադյան, Նաիրա Մուրադյան, Լյուդմիլա Սահակյանց, ով ռեժիսորի կինն էր: Ու հենց ստուդիայի ընկերներն էլ Սահակյանցի լավագույն ձեռքբերումներն էին.«Իսկական ընկերներն ուժ են, հենարան, էներգիա»,- ասում էր նա:
Սահակյանցը ֆիզիկապես էլ ուժեղ էր, ստուդիայում իր ծանրաձողն ուներ, բայց հաճախ էլ ընկերներին էր որպես ծանրաձող բարձրացնում:
Նկարը՝ waytofamous.com
«Կիկոսի մահը»
1979 թվականին Սահակյանցը նկարում է «Կիկոսի մահը» մուլտֆիլմը` ըստ Թումանյանի համանուն հեքիաթի: Այն հայկական մյուս հեքիաթների նման չի սկսվում «Լինում է, չի լինում» խոսքերով, այլ որպես ամենասովորական պատմություն: Եվ մենք հավատում ենք երևակայական Կիկոսի գոյությանը, համարում ենք նրան գլխավոր հերոս, որի պատճառով և որի շնորհիվ զարգանում է գործողությունը: Ավելին, նա է միակ պայմանն այս պատմության: Սահակյանցը Կիկոսին տալիս է տեսանելի կերպավորում: Գոյություն չունեցող Կիկոսին նա ներկայացնում է որպես գոյություն ունեցող փաստ: Սահակյանցը ներկայացնում է ընթերցման սեփական տարբերակը: Կիկոսն իր գոյություն ունեցող ու չունեցող կերպարով հայկական ինքնահեգնանքի ամենավառ դրսևորումն է: Երբ ռեժիսորին հարցնում են, թե ինչու է Կիկոսի կերպարը դարձել ռեալ, Սահակյանցը պատասխանում է. «Նրանք միշտ ռեալ են, պետք է միայն ուշադիր նայել»:
«Խոսող ձուկը»
Մի անգամ Ֆյոդոր Խիտրուկն այցի է գալիս Սահակյանցին այն ժամանակ, երբ նա նկարում էր իր «Խոսող ձուկը» ֆիլմի հերոսի` Էեհի փոխակերպումը: Խիտրուկը հետևելով ռեժիսորի մատիտին, որը չի հասցնում մտքի ետևից, գործարանային արագությամբ թղթերի վրա պատկերելով հերոսի փոխակերպումները, սենյակից դուրս է փախչում` ասելով. «Ռոբ, դու աննորմալ ես»:
«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ»
Վստահ եմ` բոլորիս է հայտնի ֆիլմի «Մնա մեզ հետ, կլինես մեր թագավորը» (Оставайся, мальчик, с нами, будешь нашим королём) հիթը։Սահակյանցի ձեռքին գրչի փոխարեն մատիտն էր: Նա քայլում էր` ժամանակի զարկերակն ափի մեջ: 1984 թվականին նկարահանվում է «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» երաժշտական մուլտֆիլմը: Ռեժիսորը պատրաստի ստեղծագործությունը վերցնելու փոխարեն, մեկնաբանում է այն սեփական տեսանկյունից: Քննադատների կարծիքով մուլտֆիլմը դարձավ հետխորհրդային ժամանակների պոստմոդեռնիզմի դրսևորում` հասանելի բոլոր տարիքի և կրթական մակարդակի հանդիսատեսի համար։
Սահակյանցն ու BBC-ին
1990-ականներ: BBC-ին նոր` «Շեքսպիրն անիմացիայում» նախագիծ է սկսում` Սահակյանցին առաջարկելով նկարել «Միջամառային գիշերվա երազ» կատակերգությունը: Հանրապետության համար դժվարին տարիներ էին և Սահակյանցը թելադրում է իր պայմանները` 30 րոպեանոց ֆիլմի համար նա Մոսկվա կմեկնի միայն իր ամբողջ խմբով, եթե անգամ ստիպված լինի սեփական աշխատավարձից վճարել խմբի տեղափոխման համար: BBC-ին չի ուզում համաձայնվել, սակայն Ռոբն անդրդվելի էր: Ի վերջո` 25 հոգանոց խումբը կես տարի աշխատում է Մոսկվայում: «Շեքսպիրյան Ալմանախի» ցուցադրությանը պետք է հավաքվեին միայն ռեժիսորները. Սահակյանցը ներկայանում է ողջ խմբով: Ճիշտ է` պատվոգիր, այնուամենայնիվ, ստանում է միայն ինքը, այն էլ Արքայազն Չարլզից: Բայց Սահակյանցը շատ հանգիստ էր վերաբերվում բոլոր մրցանակներին, լավ գիտեր իր արժեքը:
«Կացին», «Սեղմակոճակ»
«Կացին»-ում Սահակյանցի հումորը սուր է, սա արդեն սատիրա է, դառը ծաղր: Երաժշտությունը մշակում է Ռոբերտ Ամիրխանյանը; Կացինը սոսկ փայտ կտրելու գործիք չէ, այն անձնավորում է ստանում ու դառնում դաժան դահիճ:
Սահակյանցի 1980-90-ական թթ աշխատանքներից շատերն էին քաղաքականացված, նա ասում էր այն, ինչ մտածում էր, այդ մտքերից մեկն էլ «Սեղմակոճակն»էր` էկրանավորված 1989-ին: Արցախյան շարժման ժամանակներն էին, Երևանյան փողոցները լցված էին խորհրդային բանակով, ցուցադրության համար ոչ պատեհ ժամանակներ: Ու Սահակյանցը Կինոյի տանը ցուցադրում է «Սեղմակոճակը»: Ասում են` ծափերը չէին դադարում 15 րոպե. «Ժողովրդական այս ալիքը ես չեմ փոխի աշխարհի ոչ մի փառատոնի կամ որևէ մրցանակի հետ: Ես չեմ նկարում Օսկարի կամ Լուվրի համար, դրանք ինձ հետաքրքիր չեն, ես պատմում եմ մարդու համար, մարդու մասին»:
Ռոբն ու ֆուտբոլը
Մի անգամ` Կիևում, ֆիլմի ցուցադրությունից հետո Սահակյանցը շրջում է հանրահայտ «Նավապետ Վրանգլերի արկածները» ֆիլմի ռեժիսոր Դավիթ Չերկևսկու հետ. «Կիևով զբոսնում էինք, մեկ էլ Ռոբը սկսեց ինչ-որ բան տշել: Ասացի, դե որ այդքան լավ ֆուտբոլիստ ես, ձերոնց հավաքիր միասին ֆուլբոլ խաղանք: Եկավ պայմանավորված օրը, մենք գնացել էինը ընդամենը գնդակ գլորելու, մեկ էլ հայերը եկան մարտական տրամադրվածությամբ` ֆուտբոլային շապիկներով, անունները վրան գրված, կարճ ասած` պրոֆեսսիոնալներն ամոթով թողին մեզ»,- հիշում է ռեժիսորը:
Մուլտիպլիկատոր ֆուտբոլիստների այս թիմը հայտնի էր անգամ Սովետական Միության սահմաններից դւորս:Ծննդյան տոներին Երևան ժամանած անգլիացի անիմատորների հետ խաղում էին անգամ ձյան վրա:
Սահակյանցն անհատականություն էր, որով ապրեց ու ապրեցրեց մի ողջ սերունդ: Նրա ընտանիքը, որը, կարելի է ասել, մի ողջ կինոստուդիայի անձնակազմ է, այսօր շարունակում է մեծ ռեժիսորի գործը` նպատակ ունենալով մատուցել ուսուցողականն ու ճանաչողականը, օգտակարն ու հաճելին: