Ավանդույթային հասարակությունում տարազը համարվում էր մարդու անձնագիրը, այն պատմում էր մարդու մասնագիտության, բնակության վայրի, սոցիալական աստիճանի և նույնիսկ ընտանեկան կարգավիճակի մասին:
Օրինակ` արհեստավորին չէիր շփոթի առևտրականի հետ. հագուկապի մեջ կային տարրեր, որոնք հատուկ էին միայն կոնկրետ մասնագիտությանը: Արհեստավորները շապղա անունով գլխարկ էին դնում, իսկ բուխարե-փափախը, գդակը հատուկ էր ունևորներին:
Գեղագիտական ֆունկցիան շատ կարևոր դեր է խաղացել տարազի համալիրում՝ նպատակ ունենալով գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Ժողովուրդն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային, սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների, տղաների, հարսների հագուստ-կապուստին և արտաքին տեսքին:
Գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը. «կարմիր գոգնոց» նշանակել է կին: Ջահել աղջիկը գոգնոց չի կրել: Ըստ ազգային մտածողության`գոգնոցն ու վրայի զարդանախշերը միասին զերծ են պահել կրողին չար ուժերից` ապահովելով որդեծնության կարողությունն ու պաշտպանելով կուրծքն ու գոտկամասը:
Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազն առավելապես աչքի էր ընկնում ճոխությամբ, ոսկեթել և արծաթաթել հարուստ ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն արևմտյան բոլոր գավառներում գոգնոցի` կնոջ տարազի պարտադիր մասը լինելն էր:
Դիտարակենք մի քանի էական առանձնահատկություններ, օրինակ`
- Արևելահայկական տարազում բացակայում էր կնոջ հագուկապի պարտադիր մաս համարվող գոգնոցը:
- Վանա լճի ավազանում տարածված էր կնոջ դեմքը ծածկելու սովորույթը: Այստեղ կանայք ամուսնանալիս կրել են բարձր գլանաձև գլխարկ` ամրացված եռանկյունաձև գլխաշորով:
- Սյունիք-Արցախում ընդունված էր ամուսնությունից հետո կնոջ գլխին հատուկ «աշտարակ» դնելը, բերանն ու քթի ծայրը փակելը:
- Արցախում գոգնոցը հանդես է եկել որպես սեռական խորհրդանիշ, իսկ գլխի հարդարանքը բաց տիպի էր` առանց գլխաշորի:
- Կիլիկիայում 7 ճերմակ շուշաններով զարդարում էին օղակաձև թագը` արանքներում դնելով ոճավորված թռչունների մարմիններ: Թագը միշտ կրել են եռանկյունաձև քողի հետ: Գլխի հարդարանքի մեջ երևացող հանգույցներն ունեցել են նաև ծիսական նշանակություն:
- Սասունում տարածված էին գունավոր մետաքսաթելերով գործած գոտիներ, որոնք կրում էին նշանված աղջիկները կամ ամուսնացած կանայք:
- Իսկ ահա Տրապիզոնում բավականին ինքնատիպ էր կանացի վանդակազարդ կտորից գոտին, որը գրկում էր ամբողջ գոտկամասն ու պաշտշանում ապագա զավակին չար ուժերից:
Հայկական գունամտածողությունը բավականին հարուստ է եղել, բայց գերակշռել են չորս տարերքի գույները` սև երկիրը, սպիտակ ջուրը, կարմիր օդը և դեղին կրակը: Ծիրանին կամ դեղնավունը խորհրդանշում էին խոհեմություն ու ողջախոհություն, կարմիրը՝ արիություն, կապույտը՝ արդարություն, սպիտակը՝ մաքրություն:
Տարազի զարդահամալիրի շքեղություն էին համարվում մարգարիտները: Կանանց գլխի հարդարանքն առանձնանում էր մարգարիտներով, որոնց շարանն ավարտվում էր ոսկեգնդով:
Ի տարբերություն կնոջ տարազի` հայ տղամարդկանց ազգային հագուստում ընդհանուր գծերն ավելի շատ էին, տարածքային կամ շրջանային տարբերակումն այնքան էլ ակնառու չէր:
Այնուամենայնիվ, տղամարդու տարազն ավելի վաղ է կորցրել ազգային նկարագիրը: Բաղկացած էր 2 բաղադրիչներից` ուսային ու գոտկային: Շապիկի օձիքին յուրահատուկ տեսքն ապահովում էին ասեղնագործ նախշերը: Հագուստը բամբակյա գործվածքից էր, իսկ Արևմտյան Հայաստանում մեծմասամբ օգտագործվում էր այծի բուրդը:
Չերքեզին ավանդական հագուստն էր, որը պարտադիր էր կրել շապիկի և բաճկոնի վրայից և առանց որի հասարակական վայրում` անգամ շոգ ամռանն անընդունելի էր: Ի դեպ` դրա վրա հաճախ ամրակցվում էին զենքեր ու փամփուշտներ:
Գլխանոցները կամ գլխարկները սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց: Եկեղեցի մտնելիս, թաղման թափոր տեսնելիս, արժանապատիվ ու բարձր դասի մարդկանց հանդիպելիս` պարտադիր էր գլխարկը հանելը:
Զարդեր
Հայաստանի բոլոր գավառներում տարազի անբաժանելի մաս են եղել զարդերը` ապարանջան, մանյակ, ականջօղ, որոնք պատրաստվում էին ոսկուց, արծաթից կամ մարգարտե ուլունքներից:
- Ապարանջանը զարդերի զարդն էր` ոսկե, թե արծաթե` որոշում էր սոցիալական դիրքը: Եռանկյունաձև արծաթե շղթան տարածված էր Վասպուրականում, Տուրուբերանում, Աղձնիքում: Ամեն զարդ ուներ իր խորհուրդը, դրանցով ազգային հագուստը զարդարել են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Հետաքրքրական ու անգամ զարմանալի է, որ նախկինում հայ տղամարդիկ, մասնավորապես Սասունցիները ականջօղ են կրել:
- Զարդերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավել հմայական պարագաները` աչք-ուլունք, հուռութ, խաչեր, որոնք կիրառվել են հիվանդություններ բուժելու նպատակով:
- Տարազի մի հյուլե էլ ծամթելն էր: Արևմտյան Հայաստանում աղջիկներն ու հարսները հաճախ էին օգտագործում այս յուրօրինակ զարդը իրենց հյուքերում` դարձնելով դրանք ավելի փարթամ ու գեղեցիկ:
- Ճակատնոցներն աղջկա հագուստի գլխազարդի կարևոր մասն էին կազմում: Մարդիկ հավատում էին, որ դրանց վրա ամրացված մետաղադրամներից արձակվող ձայները վանում են չարին, իսկ քունքաքարերի վրայի մարգարիտը պաշտպանում էր հավկուրությունից:
Մեծ Եղեռնից հետո մշակութային հարուստ դիմագծով հայերը մասնակի կորցրեցին տարազը: Արևմտյան Հայաստանից գաղթած հազարավոր հայերի համար օթևան դարձավ Էջմիածինը, որտեղ էլ հայ մեծանուն նկարիչներ Վարդգես Սուրենյանցն ու Սարգիս Խաչատրյանը օգնելով գաղթականներին` միաժամանակ պատկերում էին ազգային հագուկապը: Հենց նրանց շնորհիվ էլ պահպանվեցին արևմտյան գավառների տարազային համալիրներն ու հետագայում ուսումնասիրվեց հայկական հագուստ-կապուստի պատմությունը:
Բայց այսօր ազգային հագուստի ու զարդանախշերի նկատմամբ հետաքրքությունն կարծես վերածնունդ է ապրում: Ֆոտոստուդիաներում տարբեր շրջանների տարազներից կարող ես ընտրել սրտիդ մոտ տարազն` ունենալով պատմական շնչով լուսանկար ու, ինչու ոչ, զգալով քո պատմությունն ու մշակույթը, սիրելով ու վերաարժևորելով այն: Ազգային տարազի տարրերն իրենց ուրույն տեղն են գտել ներկայիս նորաձևության մեջ և դա, իսկապես, հրաշալի է