Ինչո՞վ զբաղվել ինքնամեկուսացման ընթացքում․․․․

Անի Գինոսյան01.04.2020

Ողջույն: Ուրախ եմ, որ հանդիպում ենք հենց հիմա՝ երբ ժամանակները ծանր են, իսկ առօրյան՝ արտասովոր: Բոլորս գտնվում ենք շատ խիստ (կամ էլ ոչ այնքան) ինքնամեկուսացման մեջ: Մի մասը շարունակում է աշխատել, մեծ մասը աշխատանքն անում է տանից, ինչ-որ հատված էլ չունի կոնկրետ զբաղվածություն: Որոշեցի ինքս փորձել իմ ժամանակն արդյունավետ անցկացնել և պատրաստել մի գրառում, որը, հուսամ, օգտակար կլինի շատերիդ համար:

Ինքնակրթությամբ զբաղվելը միշտ էլ հրաշալի միտք է՝ հատկապես նրանց համար, ովքեր գիտակցում են, որ կրթությունը բուհով չի ավարտվում. այն շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: Ձեզ կառաջարկեմ ինքնակրթվելու մեր տարբերակները, որոնք Ձեզ կօգնեն՝

  1. ավելի լավ ճանաչել ՝ Հայաստանն և Հայաստանի արվեստն ու մշակույթը, աշխարհն ու աշխարհի այլ մասերի մշակույթային առանձնահատկությունները,
  2. սովորել նոր լեզուներ, որոնք կօգնեն Ձեզ Հայաստանը առավել ճիշտ, մատչելի և գրավիչ ներկայացնել այն օտարերկրացիներին, ովքեր հետաքրքրված են Հայաստան աշխարհով,
  3. ձեռք բերել նախնական գիտելիքներ ՏՏ ոլորտում, որի օգնությամբ կկարողանաք հեշտությամբ օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, որոնք էլ իրենց հերթին կհեշտացնեն հաղորդակցության միջոցները,
  4. դիտել բնությունը և լեռները բացահայտող ֆիլմեր,
  5. ընթերցել արկածային ճանապարհորդությունների մասին գրքեր:

Գնացի՞նք:

Դասընթացներ

Դասընթացներ
  1. Ահա մի քանի հայկական աղբյուրներ, որտեղ կգտնեք մի շարք անվճար և առցանց դասընթացներ.
    • British Council Հայաստան – Բրիտանական խորհրդի Հայաստանյան կայքը, որտեղ կա հատուկ բաժին՝ առցանց անգլերեն սովորելու համար։
    • 50 languages – Այս կայքը, որը ունի նաև հավելված, կօգնի 0-ից սովորել 50 լեզուներ։
    • Lingohut – Այս կայքի օգնությամբ 0-ից կարող եք սովորել բազմաթիվ լեզուներ՝ հասնելով մինչև սկսնակ մակարդակի, ինչպես նաև լսել բառերի արտասանությունը։
    • Shahumyan Media և galent.am  – Անվճար վիդեոդասեր ծրագրավորում սովորել ցանկացողների համար։
    • Excelist – Այս կայքի օգնությամբ ձեռք կբերեք Excel-ի գիտելիքերի այն հիմնական շերտը, որը մինիմալ պարտադիր է գրեթե բոլոր ոլորտներում։
    • Մշակույթ և ստեղծարարություն – Այս կայքի օգնությամբ կարող են ստանալ առցանց դասընթացներ մշակույթի կառավարիչները կամ նրանք, ովքեր ցանկանում են մասնագիտանալ այս ոլորտում։ Կայքի հիմնական առավելությունը դասընթացների ավարտին քննություն հանձնելու և վկայական ստանալու հնարավորություններն են։ Այստեղ դասախոսները մեծամասամբ եվրոպացի փորձագետներ են։
    • Բուն TV – Առաջին հայկական առցանց հեռուստատեսությունն է։ Այստեղ գիտությամբ և արվեստով զբաղվող ու հետաքրքրվող մարդիկ կարող են գտնել բազմաթիվ օգտակար դասախոսություններ և հաղորդաշարեր։

Ֆիլմեր

Դիտել ֆիլմեր
  1. Առաջարկում ենք դիտել հետևյալ ֆիլմերը՝
    • Մեր միջև՝ լեռներ (2017) – Հեռավոր ձնածածկ լեռներում էքստրեմալ պայմաններում գոյատևելու համար ավտովթարից փրկված Բենն ու Ալեքսը պետք է միմյանց հետ լեզու գտնեն։ Երբ նրանք հասկանում են, որ օգնության ոչ ոք չի գա, ստիպված են լինում անցնել հարյուրավոր կիլոմետրեր երկարությամբ վտանգավոր ճանապարհ։ Դեռևս երեկ իրար անծանոթ այս երկու մարդիկ կյանքի համար մղվող պայքարի ընթացքում սկսում են գրավել միմյանց։
    • Լեռներ (2017) – Վավերագրական ֆիլմ, որտեղ բացահայտվում է անհաս լեռների լավագույն կողմերը: Վաղուց մարդիկ փորձում էին բարձրանալ և հասնել աշխարհի ամենաբարձր կետին, բայց դա բոլորին չէ, որ հաջողվում է: Այս ֆիլմում լեռնագնացներն ու դահուկորդները, վտանգելով իրենց կյանքը, հաղթահարում են խոչընդոտներ, հասնում մոլորակի չնաշխարհիկ անկյուններ և ձայնագրում են գերող կադրերն ու կուսական բնության շքեղությունը: Գլխավոր հերոսները էնտուզիաստներ են, ովքեր ցանկանում են ցույց տալ մեր հրաշալի աշխարհը:
    • Էվերեստ (2015) – Էվերեստ. մոլորակի ամենաբարձր կետը, որի գագաթը նվաճելը բազում լեռնագնացների երազանքն է: Սյուժեի կենտրոնում լեռնագնացների 2 խումբ է, որոնց մեջ կան և՛ փորձված լեռնագնացներ, և՛ սովորական մարդիկ: Սարսափելի դժվար ճանապարհն ու փորձությունները հաղթահարելուց հետո, երբ հասնում են Էվերեստի գագաթ ու տոնում իրենց հաղթանակը, սկսվում են ահարկու քամիներ, որոնք մահացու վտանգավոր են դարձնում վայրէջքը:
    • Մերու (2015) – 2008 թվականին 3 ամերիկացի լեռնագնաց որոշում են բարձրանալ Մերու լեռան գագաթը: Ճանապարհը լի է խոչընդոտներով, իսկ բարձրանալու բարդությամբ այս լեռը գերազանցում է նույնիսկ Էվերեստին: Հերոսները նախատեսում են վերելքի վրա ծախսել 7 օր, բայց վատնում են մի ամբողջ ամիս՝ այդպես էլ չհասնելով գագաթին: 2011 թվականին նույն արշավախումբը կրկին փորձ է կատարում նվաճելու Մերուի գագաթը՝ գնալով արդեն ծանոթ ճանապարհով և ընթացքում վերելքի մասին վավերագրական ֆիլմ նկարելով:
    • 127 ժամ (2010) – Գլխավոր հերոսը արշավ է գնում «Կանյոնլենդս» ազգային պարկ՝ առանց իր մտերիմներին զգուշացնելու: Նեղ ձորով միայնակ բարձրանալու ընթացքում նա անհաջող սայթակում է, ընկնում է փոքրիկ բարձրությունից և ձեռքը մնում է պատի և 300 կիլոգրամանոց քարի արանքում, որը միայնակ տեղաշարժել անհնար է:
    • Ալպեր 3D Ձնե լանդշաֆտներ (2013) – Գերմանական վավերագրական ֆիլմ է՝ աշխարհի ամենագեղեցիկ և խորհրդավոր բարձունքների մասին: Գիտնականների մի խումբ ուղևորվում է Ալպերի այն հատված, որտեղ երբևէ մարդու ոտք չի ընկել՝ բացահայտելու տեղի բնությունը, լանդշաֆտներն ու կենդանական աշխարհը: Բնականաբար նախընտրելի է անձամբ ուսումնասիրել մոլորակի այս հրաշալի հատվածը, սեփական աչքով տեսնել տեղի բնությունն ու ոգեշնչող լեռները, բայց եթե այդպիսի հնարավորություն չունեք, կարելի է հիանալ Ալպերով այս ֆիլմի օգնությամբ, որ հատուկ 3D ֆորմատի է՝ պատկերներն ավելի լավ ընկալելու համար:
    • Էվերեստ․ Հասնելով անհնարինին (2013) – Էվերեստը երկրագնդի ամենաբարձր կետն է, որը շատ համարձակներ են փորձել հաղթահարել: Ոմանք այլևս չեն վերադարձել, բայց առավել խիզախներին և նպատակասլացներին հաջողվել է գագաթից նայել աշխարհին: Այս վավերագրական ֆիլմը կպատմի մի լեռնագնացի մասին, ով առաջիններից մեկն է եղել, որ հաղթահարել է բարձունքը և չի վախեցել հավերժ մնալ ծածկված աշխարհի ձյան և անտանելի քամիների տակ: Գլխավոր հերոսն ունի ուղեկցորդ, ում հետ բարձունքի ընթացքում բազում խոչընդոտներ են հաղթահարում: Բնությունը երբեմն լինում է դաժան, բայց նույնիսկ դա չի կանգնեցնում այս 2 նպատակասլաց լեռնագնացներին: Նրանք հասնում են գագաթին, որտեղից բացվում է ցնցող տեսարան՝ էքստրեմալ ճանապարհորդությունների սիրահարների համար լավագույն պարգևը:

Գրքեր

Գրքասեր
  1. Աշխարհի լավագույն կինոթատրոնը մեր ուղեղն է, և մենք դա հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ լավ գիրք ենք ընթերցում:
    Գնացի՞նք՝

Դե ի՞նչ: Բոլորիդ մաղթում ենք ինքնամեկուսացման օրերն անցկացնել հաճելի և արդյունավետ: