Մեր հյուրընկալ ու հարազատ Պատկերասրահում

Սիմա Օհանյան19.04.2020

Եթե շատերս այս շրջանում բողոքում ենք տանը փակված մնալուց, ապա իսպանացի երկու հսկաների՝ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները, որոնք ոչ վաղ անցյալում «հյուր եկան» հայ արվեստասերին, բողոքելու իրենց պատճառներն ունեն՝ նրանք առանց իրենց ուղղված հայացքների են մնացել արդեն օրեր շարունակ: Ու մինչ մեր թիմը հնարավորություն կունենա այցելելու իսպանացի հանճարներին և կիսվելու Ձեզ հետ իր տպավորություններով՝ եկեք մի փոքր անդրադառնանք Ազգային պատկերասրահին ու նրա պատմությանը, որտեղ էլ ժամանակավոր ցուցադրությամբ հանգրվանել են մեր հյուրերը:

Պատկերասրահի մշտական ցուցադրությունից
Պատկերասրահի մշտական ցուցադրությունից
լուսանկարը՝ Անուշ Կարաքեշիշյանի

Ընդհանրապես աշխարհում շատ ու շատ հայտնի պատկերասրահներ կան, որոնք ունեն միլիոնավոր այցելուներ, արվեստի գործերի շքեղ հավաքածուներ և համաշխարհային հռչակ: Պատկերասրահի գաղափարը գոյություն ուներ արդեն Վերածննդի դարաշրջանում, երբ պուրակներն ու ճեմասրահները զարդարվում էին քանդակներով ու գեղանկարներով: Մինչ Վերածնունդը՝ անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններում արվեստի գործերը մեծամասամբ ստեղծվում էին տաճարների համար և տեղավորվում հենց դրանց տարածքում:


Մեր պատկերացումներումներին համապատասխանող, հանրային առաջին պատկերասրահները ի հայտ եկան 18-րդ դարում՝ Ֆրանսիական հեղափոխությանն ու Նապոլեոնյան պատերազմներին հաջորդող տարիներին, որոնցից հետո պետության սեփականությունը դարձան արքայական հավաքածուները:


Առաջնեկն էր Բրիտանական թանգարանը, որն իր դռներն առաջին անգամ այցելուների առջև բաց արեց 1759 թվականին: Այն մինչև այսօր էլ աշխարհի խոշորագույն հավաքածուն ունեցող թանգարանների շարքում է: Նույն դարում հիմնվեց աշխարհահռչակ Լուվրը Փարիզում, որն առ այսօր աշխարհի ամենաայցելվող թանգարանների շարքում առաջինն է: Շքեղությամբ ու հարուստ հավաքածուներով հանրահայտ են նաև Վատիկանի թանգարանները, Չինաստանի ազգային թանգարանը, Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանը, Լոնդոնի ազգային պատկերասրահը, Հերմիտաժը Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը և այլն:

Ի դեպ, հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ աշխարհի լավագույն թանգարանների հավաքածուներին՝ հենց ձեր սենյակից՝ https://www.housebeautiful.com/uk/lifestyle/g31911114/virtual-tours-museum-art-galleries/

New_Roman_Gallery
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանների սրահներից մեկը
լուսանկարը՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի

Սակայն վերադառնանք Հայաստան:
Երևանի սրտում գտնվող Ազգային պատկերասրահը, որը վերոհիշյալ հսկաների շարքում կարող է աննշան թվալ, իր իրական արժեքը ստանում է միայն ազգային տեսանկյունից գնահատելով: Հայաստանում այն ամենահարուստ գեղարվեստական թանգարանն է: Այստեղ կարելի է հիանալ հայ և համաշխարհային կերպարվեստի մոտ 40 հազար նմուշներով՝ Հին Եգիպտոսից մինչև 20-րդ դարի ռուսական արվեստ, Հին Հունաստանից մինչև Ռուբենս և Կուրբե, Հովհաննես Այվազովսկուց  մինչև Էդգար Շահին:

Պատկերասրահ
Պատկերասրահը գիշերով
լուսանկարը՝ Անահիտ Ապերյանի

Մեր Պատկերասրահը համեմատաբար երիտասարդ է, նրա հիմնադրումը տեղի ունեցավ 1921 թվականին՝ որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից՝ գեղարվեստի բաժինը: Այն տեղակայվեց Աբովյան փողոցի վրա գտնվող շենքում, որտեղ այժմ գտնվում է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը: Ներկայիս շենքը, որտեղ տեղակայվեցին Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը, սկսեց կառուցվել 1950-ական թվականներին և ավարտվեց 1977 թվականին՝ ամբողջացնելով Հանրապետության Հրապարակը: Շենքի գլխավոր ճարտարապետներն էին Մարկ Գրիգորյանը և Էդուարդ Սարապյանը:

Պատկերասրահի կառուցումը
Պատկերասրահի շենքը 1972 թվականին
լուսանկարը՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից

Թանգարանի ամենանշանակալի բաժինը հայ գեղանկարի բաժինն է, որի ցուցանմուշների ընդհանուր թիվը կազմում է 7000: Այդ բաժնի ցուցանմուշներում շատ կարևոր նշանակություն ունեն հատկապես միջնադարյան Հայաստանի եկեղեցական որմնանկարների վերականգնումները և պատճենահանումները՝ արված նշանավոր արվեստաբան Լիդիա Դուռնովոյի ղեկավարությամբ: Դրանցից շատերի օրիգինալ տարբերակներն արդեն ոչնչացել են և Պատկերասրահում պահպանվող տարբերակներով միայն կարելի է ծանոթանալ այդ գոհարներին: Արտասահմանյան գեղանկարի բաժինը, որը մինչև 2004 թվականը միացած էր հայ գեղանկարի բաժնին, այժմ ունի շուրջ 1150 ցուցանմուշ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես ռուս հեղինակների աշխատանքները: Քանդակի բաժինը ընդգրկում է հայկական և համաշխարհային 1200 ստեղծագործություն: Հատկապես հարուստ է գրաֆիկայի բաժինն իր 12000 ցուցանմուշներով: Մնացած բաժիններից ցուցանմուշների քանակությամբ հետ չի մնում նաև դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինը՝ իր 4000 արվեստի գործերով:

Ազգային Պատկերասրահի պահոցներից մի դրվագ

Արվեստասերի համար հասանելի յոթ հարկերից բացի Պատկերասրահն ունի նաև «թաքնված» բազմաթիվ հատվածներ՝ պահոցներ և վերականգնման բաժիններ, որտեղ նվիրյալների անտեսանելի ձեռքով բուժվում են մեր սիրելի գործերը:

Ազգային Պատկերասրահի պահոցներից մի դրվագ, լուսանկարը՝ Մեդիամաքսի

Սակայն Պատկերասրահը չի սահմանափակվում միայն Երևանում գտնվող այս շենքում. այն իր մասնաճյուղերն ունի Հայաստանի ամբողջ տարածքում: Դրանցից երկուսը՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը, ինչպես նաև Գևորգ Գրիգորյանի, կամ, ինչպես ավելի հայտնի է՝ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը Երևանի կենտրոնում են: Մյուս մասնաճյուղերը տեղակայված են Էջմիածնում, Գավառում, Ջերմուկում, Հրազդանում, Մարտունիում, Ալավերդիում, Եղեգնաձորում և Սիսիանում: Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում է տեղակայված նաև Մհեր Աբեղյանի թանգարանը, որը հիմնադրվել է 1990 թվականին: Իսկ ամենանշանավոր մասնաճյուղն, իհարկե, Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռում գտնվող թանգարանն է՝ հիմնված 1982 թվականին և վերաբացված 2003 թվականին (շենքը փլուզվել էր 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից):

Vardges Surenyants Salome
Պատկերասրահում պահվող ամենահայտնի աշխատանքներից է Վարդգես Սուրենյանցի վրձնած «Սալոմե» կտավը

Դե ինչ, միասին մի փոքր ծանոթացանք մեր Պատկերասրահի հետ, մնում է սպասել համաճարակի ավարտին և առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել նրան: Այնտեղ մեզ են սպասում մշտական ցուցադրության հարազատ գործերը, դե իսկ հյուրերին նույնպես չպետք է մենակ թողնել: Գլխավոր մասնաշենքի հետ մեկտեղ արժե մարզեր այցելելիս հիշել նաև այնտեղ թաքնված փոքրիկ ու ոչ այնքան հայտնի մասնաճյուղերն ու տաքանալ այնտեղ պահվող գույներով: