Ջերմուկ քաղաքը որպես բնակավայր նախանշվում է դեռ շատ հնուց, դրա մասին են վկայում այնտեղ գտնվող կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարով թվագրվող եկեղեցու ավերակները։
20-րդ դարի 40-ական թվականներից քաղաքը սկսում է հռչակվել որպես առողջարանային, ջրաբուժական կենտրոն։ Ավելի ուշ համայնքում ակտիվ զարգանում է նաև զբոսաշրջությունը։ Այսօր Ջերմուկ քաղաքը հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային և առողջարանային խոշոր կենտրոններից մեկը։ Ջերմուկը տարեկան ընդունում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների, ակտիվ և պասիվ հանգստի սիրահարների, բուժվող և վերականգնման կարիք ունեցող մարդկանց։
Ջերմուկին ամբողջ աշխարհով հանրահռչակում են իր հանքային ջրերը, որոնք բազմաթիվ հիվանդությունների համար բուժիչ նշանակություն ունեն: Այդ հանքային ջրերից անվճար կարող են օգտվել բոլորը՝ այցելելով քաղաքում գտնվող ըմպելասրահը, որտեղ մի քանի շուրջօրյա գործող ծորակներ կան: Ըմպելասրահի հարևանությամբ մեծ ու շքեղ այգի կա՝ ֆիդայիներին նվիրված հուշարձաններով ու տարբեր տեսակի բուսականությամբ հարուստ:
Ջերմուկում է գտնվում նաև «Ջրահարսի Վարսեր» կոչվող աննման ջրվեժը, որն ըստ ավանդության, իր անվանումը ստացել է հոր կողմից անիծված մի դեռատի աղջկա երկար ու գեղեցիկ մազերից, որոնք պարանի փոխարեն ներքև էին նետվել՝ սիրեցյալին վերև բարձրացնելու նպատակով:
Ջերմուկը հայտնի է հատկապես իր ձմեռային արկածային տուրիզմով: Քաղաքից ոչ հեռու գտնվում է նաև ճոպանուղին, որի բարձունքից աննման տեսարան է բացվում դեպի քաղաքը, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, շրջակա գյուղերն ու լեռները:
Ջերմուկում ակտիվ է նաև մշակութային կյանքը, այստեղ է գտնվում Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը, որտեղ պահպանվում են հայ հայտնի գեղանկարիչների մի շարք աշխատանքներ, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ:
Ջերմուկն անտարբեր չի թողնի և չի ձանձրացնի նույնիսկ ամենաքմահաճ այցելուներին: Այնպես որ, համեցիր 🙂