Թռչկանի ջրվեժ

Թռչկանը ջրվեժ է Շիրակի մարզի հարավ-արևելյան հատվածում՝ Լոռվա մարզի սահմանաեզրին։ Այն Հայաստանի կախվող ջրվեժների մեջ ամենաբարձրն է. ունի 23,5 մետր բարձրություն։ Գտնվում է Չիչխան գետի վրա, որը Բազումի լեռների հովտով հոսում է դեպի արևելք։
Մոտակա բնակավայրը, որից կարելի է հասնել Թռչկան, Շիրակամուտ գյուղն է, որը գտնվում է մոտ 10 կմ հեռավորության վրա։ Այս գյուղի նախկին անունը եղել է Նալբանդ (1988 թվականի դեկտեմբերի 7-ին տարածաշրջանում տեղի է ունեցել կործանարար երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է հենց Նալբանդը)։

 

Թռչկան
Թռչկանի շուրջ բնությունը աննկարագրելի գեղեցիկ է։ Աջ և ձախ կողմերում խոյանում են լեռնազանգվածներ, և ջրվեժը ինքնաբերաբար հայտնվում է կիրճի մեջ։ Իսկ կիրճը ունի հետաքրքիր ու հարուստ բուսական աշխարհ։ Տարածաշրջանը լի է կենդանիներով։ Կիրճ այցելում են նաև արջերը։

Թռչկանի ջրվեժը գրանցված է բնության հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում։ 2011 թվականին բնապահպանների համառ պայքարի արդյունքում նրան փրկեցին ՀԵԿ-ի առաջացնող վտանգից։