Գութանասար լեռը խոյացել է Կոտայքի մարզի միջնամասում՝ Չարենցավան քաղաքից հարավ արևելք, Աբովյան քաղաքից հյուսիս։ Գութանասարի բարձրությունը 2299 մետր է, հարաբերական բարձրությունը Ֆանտան գյուղից 500 մետր է, իսկ Կապուտան գյուղից, որը գտնվում է Հատիսի ու Գութանասարի միջնամասում՝ 600 մետր։
Լեռը բոլոր կողմերից լեռնամարգագետնային տեսք ունի, ստորոտից նայելիս կարելի է նմանեցնել մեծ ու համաչափ բլիթի։ Լեռան վրա ծառերի գրեթե չես հանդիպի, բայց երբեմն կպատահես վայրի մասրենիների։
Գութանասար կարելի է բարձրանալ բոլոր կողմերից, բայց լեռը ունի նաև վտանգավոր հատվածներ, որոնք լուրջ խնդիրներ կարող են առաջացնել հատկապես ձմռանը՝ ձյունածածկ օրերին, դասական ուղղություններից շեղվածների համար։
Լեռան երեք կողմերում գյուղեր են, ուստի կենդանական աշխարհը համեմատաբար պասիվ է և լեռան լանջերին հաճախ կհանդիպես հովիվների, որոնք կովերի կամ ոչխարների մեծ քանակություն են բարձրացրել արոտի։
Գութանասարը չունի գագաթ, այսինքն այն խառնարանային լեռ է, իսկ խառնարանի շուրջբոլորը տարածվում է գրեթե նույն բարձրությունն ունեցող մի զանգված, որը և կարող ենք համարել գագաթ։ Իսկ խառնարանի պատկերը հատկապես գարնանը և ամռան առաջին կեսին աննկարագրելի է։
Գութանասարի հարևանությամբ է գտնվում Հատիս լեռը։ Հաճախ լեռնագնացները կազմակերպում են երկար արշավ և մեկ օրում բարձրանում են և՛ Հատիսը, և՛ Գութանասարը՝ անցնելով նաև նրանց միջև ընկած տարածությունը։