Գնդեվանք

Գինդ անունով հին հայերը կոչել են ականջօղերը: Ասում են՝ Սյունյաց Սմբատ իշխանի դուստր Սոփիան, որը կառուցել էր տվել այս վանքը, գմբեթի վերջին քարերը դնելու գումարը վաստակելու համար վաճառում է իր ոսկյա ականջօղերը: Այդ իսկ պատճառով տաճարն անվանվում է Գնդեվանք:

Գնդեվանքն այժմ գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ջերմուկ առողջարանային քաղաքից ոչ հեռու: 10-րդ դարի այս գեղատեսիլ կառույցն իր մեջ ներառում է եկեղեցին, գավիթը, սեղանատունը, գերեզմանատունը և պարիսպները: Սակայն այժմ կանգուն եկեղեցին 20-րդ դարի վերաշինություն է: Իր պարզությամբ ու հարդարանքի բացակայությամբ այնուամենայնիվ այն ներդաշնակորեն միաձուլվում է Արփա գետի գեղատեսիլ ձորի ընդհանուր տեսարանի հետ: 

«Առանց թանկարժեք քար չունեցող մի մատանի էր Վայոց Ձորը, շինեցի այս վանքն ու պարգևեցի նրան այդ քարը», ահա այսպիսի գեղեցիկ ձևակերպում է տվել վանքին իշխանուհի Սոփիան: Եվ իրոք, այն Հայաստանի ամբողջ տարածքը զարդարող բազմաթիվ թանկարժեք քարերից մեկն է, որը սպասում է քեզ Վայոց լեռներում: