Հայկական ճարտարապետության շտեմարան՝ ահա թե ինչպես է բնութագրել Գանձասարի վանքը խորհրդային հայտնի պատմաբան Անատոլի Յակոբսոնը: Իսկ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, արվեստաբան Շարլ Դիլը այն համարել է հայկական ճարտարապետության լավագույն հինգ կոթողներից մեկը՝ դնելով այն Աղթամարի սբ. Խաչի, սբ. Հռիփսիմեի, Հաղպատի վանքի և Անիի Ամենափրկիչ եկեղեցու կողքին: Այժմ բոլորով տեղափոխվենք Արցախ՝ Մարտակերտի շրջան՝ ծանոթանալու արցախյան լեռների ամենամեծ գանձի հետ:
Ըստ ավանդության՝ Գանձասարի լեռների արծաթի հարուստ հանքերի պատճառով է, որ այս վայրը կոչվել է Գանձասար: Անանիա Մոկացու հավաստմամբ՝ այստեղ դեռևս 10-րդ դարում եղել է հոգևոր կենտրոն: Ներկայիս վանքը թվագրվում է 13-րդ դարով: Միջնադարյան Արցախի կյանքում այն շատ մեծ դեր ուներ: Գանձասարում գործել է նաև գրչատուն, այստեղ են գրվել, ընդօրինակվել ու պահվել մի շարք ձեռագրեր: Մինչև 19-րդ դարը այն եղել է Աղվանից կաթողիկոսության նստավայրը:
Ներկայումս վանքի կազմի մեջ են մտնում Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, նրան կից կառուցված գավիթը, միաբանական խցեր, սեղանատուն, տնտեսական շինություններ, խաչքարեր, պարիսպ, գերեզմանատուն: Նախ անդրադառնանք եկեղեցուն:
Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238թթ. միջակայքում, օծվել՝ 1240թ.՝ Արցախի նշանավոր իշխան Հասան Ջալալ Դոլայի կողմից: Ըստ ավանդության՝ այստեղ է թաղված Սբ․ Հովհաննես Մկրտչի գլուխը, այդ իսկ պատճառով եկեղեցին նվիրվել է նրան: Այն գմբեթավոր սրահ է՝ կառուցվածքով նման Հաղպատի Սբ. Նշան եկեղեցուն: Մուտքը, ինչպես հայկական եկեղեցիների գերակշռող մասում՝ արևմտյան կողմից է և շքեղ հարդարված, սակայն հետագայում ծածկվել է գավթով: Այժմ այդ շքեղ մուտքից արտաքինից կարելի է տեսնել միայն Քրիստոսի խաչելության տեսարանը: Հսկայական զարդանախշ խաչի վրա Քրիստոսն է՝ գլխի երկու կողմերում՝ սերովբեներ, իսկ ոտքերի մոտ երկու ֆիգուր, որոնք ըստ Բ. Ուլուբաբյանի եկեղեցու կառուցման հովանավորներն են: Խաչի թևերին երկու թռչուններ են քանդակված: Նրանց գլուխները բացակայում են:
Եկեղեցու ամենանշանավոր հատվածը նրա թմբուկն է, որը ներսից կլոր է, իսկ արտաքինից 16 նիստ ունի, դրանք իրարից անջատված են 3 կիսասյուներից բաղկացած փնջերով: Յուրաքանչյուր նիստի քանդակային հարդարանքը յուրատեսակ է: Քանդակներ են առկա ոչ միայն բուն նիստերի վրա, այլ նաև դրանց եռանկյունաձև վերջավորություններում՝ տիմպաններում: Թմբուկի հարդարանքի առավել մանրամասն նկարագրին կարող եք ծանոթանալ հետևյալ գծագրում.
Առանձնահատուկ ուշադրության են արժանի հատկապես ծնկաչոք ֆիգուրներն ու կտիտորները: Դ և Զ նիստերի ծնկաչոք ֆիգուրները, ըստ Ստ. Մնացականյանի, կանայք են հուշկապարիկների հետ: Լ. Դուռնովոն գտնում է, որ կանանցից մեկը Խորիշահն է՝ Հասան իշխանի մայրը, իսկ մյուսը՝ Մամքանը՝ նրա կինը:
Ը և Ժ նիստերում պատկերված կտիտորներին է անդրադարձել Ստ. Մնացականյանը՝ գտնելով, որ ձեռքին ռոտոնդայաձև եկեղեցի ունեցողը Հասան իշխանի հայր Վախտանգն է, իսկ կենտրոնագմբեթ եկեղեցու մոդելովը՝ հենց Հասանը: Հասանի ձեռքին Գանձասարի մոդելն է, իսկ հոր ձեռքին, հավանաբար, նրա կողմից կառուցված Մեծարենց եկեղեցին, որը չի պահպանվել: Նշենք, որ կտիտոր են անվանում եկեղեցու պատվիրատուներին, որոնք քանդակվում են եկեղեցու փոքրիկ մոդելը ձեռքներին:
Թմբուկի վրա հովհարաձև վեղարն է: Այսպիսի թմբուկներ և վեղարներ հայ ճարտարապետության մեջ կարող ենք տեսնել նաև Հառիճավանքում, Հովհանավանքում, ինչպես նաև Ամբերդի Վահրամաշեն եկեղեցում:
Եկեղեցու ներսում հատկապես նշանակալի են բեմի առաջամասի զարդաքանդակները, որոնք չեն կրկնվում, աննկարագրելի նուրբ և մանրակրկիտ աշխատանքներ են: Նման բեմառաջներ կարող ենք տեսնել նաև Հառիճավանքում և Մակարավանքում:
Անցնենք գավթին: Վերջինս կառուցվել է ավելի ուշ՝ 1261թ., եկեղեցու արևմտյան կողմում, Հասան իշխանի կնոջ՝ Մամքանի և որդու՝ Աթաբակի կողմից: Այն նաև Հասան-Ջալալյանների տոհմական դամբարանն է: Ինչպես հայտնի է, եկեղեցիներում թաղումներն արգելվել են, սակայն գավթում դրանք թույլատրվել են, քանի որ այն եղել է կիսաշխարհիկ կառույց, որտեղ անցկացվել են հավաքներ, քննարկումներ, իսկ արարողությունների ժամանակ չմկրտված մարդիկ գավթից առաջ գնալու իրավունք չեն ունեցել:
Եռաստիճան հիմքի վրա կանգնած այս գավիթը հիշեցնում է Հաղպատի, Մշկավանքի, Խորակերտի գավիթները: Ներսից այն ունի շթաքարե շքեղ ծածկ, իսկ դրսից՝ 8 նիստ ունեցող ռոտոնդա, որը հավանաբար 1907թ. աշխատանք է:
Հատկապես նշանակալի է գավթի արևմտյան շքեղ մուտքը, որը հայ քանդակագործության ամենաշքեղ նմուշներից է: Ասեղնագործ երկրաչափական ու բուսական զարդաքանդակները, հյուսածո եզրերը, գունավոր բարավորը անմոռանալի տպավորություն են թողնում դիտողի վրա: Գավիթը մուտք ունի նաև հյուսիսային կողմից, որի հարդարանքը կազմում են երկու կողմից քանդակված հովազները կամ առյուծները:
2015թ.-ին Գանձասարի վանքի մոտ կառուցվեց մատենադարան, որտեղ այժմ պահվում են հարյուրից ավելի ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային նյութեր: Գանձասարի գոյությունն ու կյանքը շարունակվում է և շնչառություն է տալիս ամբողջ Արցախի մշակութային կյանքին: