Ապարանի շքեղ ջրամբարը կառուցված է Քասախ գետի վրա, 1960-ական թվականներին, գյուղատնտեսական նպատակներով։ 200 մետր երկարություն և 50 մետր բարձրություն ունեցող պատնեշը գարնան հալոցքների և տեղումների ժամանակ կուտակում է Քասախ գետի և հարակից մի քանի գետակների ջուրը և ստեղծում մի հսկա լճակ, որը ամիսներ շարունակ ոռոգման ջրով է մատակարարում Էջմիածնի և Աշտարակի այգիները:
Բայց արի ու տես, որ գյուղատնտեսական նպատակներով ստեղծված այս լճակը դարձել է շատերի համար նաև հանգստի յուրահատուկ վայր։ Ջրամբարի արևելյան հատվածում նույն թվականներին և ավելի ուշ տնկվել են հազարավոր սոճիներ, որոնք արդեն վաղուց վերածվել են անտառի։
Ջրամբարը ունի մի խորհրդավոր պատմություն ևս։ Ժամանակին նույն տարածքում՝ Քասախ գետի ափին, եղել է բնակատեղի՝ Զովունի գյուղը, որը տեղափոխվել է Երևանի մերձակայք։ Այսօր Երևանի մերձակայքում տեղ գտած Զովունի ավանը արդեն ունի կեսդարյա պատմություն, և ջրամբարի տակ մնացած բնակատեղին տեղացիները արդեն անվանում են «Հին Զովունի»։ Հաճախ կարելի է տեսնել թե ինչպես են Զովունու բնակիչները գալիս իրենց նախնիների գյուղը, այցելում հնադարյան շիրիմներին, սոճիների անտառում մի կտոր հաց ուտում և վերադառնում տուն։
Հին բնակատեղին ունեցել է նաև իր սրբատեղիները. 7-րդ դարի Պողոս-Պետրոս եկեղեցու անխնամ պատերը մինչ օրս համառորեն չեն քանդվում, չնայած, տարվա մի քանի ամիսը անց են կացնում ջրամբարի կուտակված ջրի տակ։
Նույն գյուղատեղիում է եղել նաև սուրբ Վարդան մատուռը, որ սակայն տեղահանման ժամանակ նույնությամբ տեղափոխվել ու կառուցվել է հարակից բլրակի վրա, հնագույն գերեզմանաքարերի հարևանությամբ։
Ջրամբարի արևելյան հատվածում տնկված սոճիների անտառին անմիջապես շարունակում են տեղի բնական լեռնային անտառները, որոնցից սկիզբ է առնում Թեղենիսի լեռնազանգվածը։
Ջրամբար կարելի է այցելել տարբեր կողմերից, հաճախ եկողները անցնում են հենց 200 մետրանոց պատնեշի վրայով։ Բայց սոճիների անտառ կարելի է այցելել նաև Քուչակ գյուղի կողմից և իհարկե Թեղենիսի լեռնազանգվածից։
Կենդանական աշխարհը հարուստ է, կան արջեր, բորենիներ, կրծողներ, սողուններ, այդ թվում և օձեր։