Համո Սահյանի հետքերով

Արև Մախսուդյան30.04.2020

Անցյալում Զանգեզուր-Սյունիքը համարվել է «յոթ սարից այն կողմ գտնվող» հեքիաթային երկիր: Հիասքանչ բնություն, շրջապատված բարձրադիր լեռներով ու բազմազան  պատմաճարտարապետական հուշարձաններով: Այստեղ մի պահ կտրվում ես աշխարհի թոհուբոհից և հասկանում,որ բնությունն ամենակարող է:

Հետաքրքիր է, որ Սյունիքում նույնիսկ լեռը կարող է սրբություն համարվել: Օրինակ Խուստուփ լեռը, նախկինում, ամբողջ Զանգեզուրում հայտնի էր, որպես սրբավայր: Եվ վարդավառի տոնը ոչ մի գավառում այնպես շուքով ու պերճությամբ չէր նշվում, ինչպես այստեղ: Նավասարդի օրերին այստեղ էին գալիս ոչ միայն մերձակա, այլև հեռավոր վայրերից: Լեռան ստորոտում է գտնվում եկեղեցին, որը իրենից մի քարայր է ներկայացնում՝ 15—20 մ բարձրությամբ: Այստեղ է թաղված նաև մեր ազգի պարծանք ցեղակրոն Գարեգին Նժդեհի սիրտը (Կ.Ավետիսյան «Հայրենագիտական էտյուդներ»)։ Նրա շնորհիվ է, որ այսօր մենք ունենք այս
հրաշք Զանգեզուրը, և պետք է միշտ պաշտպանենք այն, քանի որ Զանգեզուրը Հայաստանի «ողնաշարն»է:

Սյունիքի մարզ

Զանգեզուրի ոլորապտույտ ճանապարհներին տեսնողի առջև բացվում են երկնային կապույտի հետ ձուլվող լեռները, զմրուխտյա կամ ոսկեզօծ արտերը (նայած տարվա եղանակին): Այդպես ընդմիշտ էլ այցելուի հիշողության մեջ մնում է Զանգեզուրի գեղատեսիլ բնապատկերը:


Քարեր, քարեր Հայաստանի,
Սարերն ի վար հոսող քարեր,
Երկինքն ի վեր խոսող քարեր,
Քարեր վանքի ու ոստանի…


Եվ ահա այս լեռնաշխարհում է ծնվել բոլորին սիրելի բանաստեղծ Համո Սահյանը:  XX-րդ դարի խոշորագույն պոետների շարքում դժվար թե գտնվի Համո Սահյանի անվան պես ևս մեկ անուն, ում ներաշխարհն ու քնարերգությունը այդքան սերտորեն կապված լինեն հարազատ օրրանի, հայրենի բնության ու մանկության օրերի հիշողությունների հետ:

Մարդու և բնության ներդաշնակությունը, մարդասիրությունը նրա մշտական թեմաներն էին, որոնք հարազատ էին ոչ միայն հայ ժողովրդին, այլ տեղ ունեին համաշխարհային գրականության մեջ: Մեծությունը կայանում էր նրա անփոխարինելի լինելով. ոչ ոքի չէր կրկնում, իր սեփական ձևով էր ընկալում ամեն ինչ և արտահայտվում: Նրա նման բնապաշտ բանաստեղծ երևի դեռ չի ծնել հայ ժողովուրդը, ով այդքան կապված լինի բնությանը: Իմաստուն ու ծայրահեղ համեստ, արդարախոս ու բարի, պայծառ, երբեմն մռայլ ու ներփակված, իսկ ավելի հաճախ արևի պես շողացող ու ծիծաղկոտ… այսպիսին է տպավորվել Համո Սահյանն իր ծանոթների և անծանոթների շրջապատում:

Համո Սահյանի ներշնչանքը Սյունիքի հիասքանչ բնությունն էր: Եվ Սահյանին լավագույնս զգալ և հասկանալ կարող ենք միայն այցելելով Սյունիքի մարզ: Այն Հայաստանի ամենահարավային մարզն է և ամենագեղատեսիլներից մեկը: Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և
անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ: Ամենամեծ գետը Որոտանն է, որի ափին էլ հենց ծվարած փոքրիկ մի գյուղում` Լորում է ծնվել Սահյանը: «Ծնվել եմ 1914թ. Ապրիլի 14-ին Սյունյաց Արամազդ լեռան հյուսիսային լանջի իրար մեջ կորած կիրճերից մեկում, մեծ գյուղի փոքրիկ մի թաղի չափ
Լոր գյուղում»:,-ասում էր նա:

Այստեղ Սահյանի մանկության տունը վերանորոգվել և վերաբացվել է որպես նրա տուն-թանգարան 2014թ.-ին: Թանգարանը երկհարկանի է, առաջին հարկում ցուցադրված են գյուղացիների կենցաղային իրերը, երկրորդ հարկում՝ Համո Սահյանի անձնական իրերը, բանաստեղծությունների ժողովածուները, գրասեղանը, որի վրա աշխատել է 10 տարուց ավել, ժամացույցներ, լուսանկարներ, մակագրված գրքեր, որ իրեն են նվիրել և այլն: Թանգարանը շարունակում է համալրվել նոր ցուցանմուշներով և իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր այցելուների համար: Ահա ևս մեկ բացահայտման ուղղություն ու թաքնված գանձ, որ կարող ենք ավելացնել որպես նպատակակետ: