Գլաձոր

Միջնադարյան Հայաստանը նշանավոր է եղել իր տված որակյալ և բարձրագույն կրթությամբ: Ցանկացողները այստեղի տարբեր համալսարաններում կարող էին ստանալ ոչ միայն հոգևոր կրթություն, այլ նաև աշխարհիկ, ինչպես նաև կարող էին սովորել տարբեր արվեստներ: Համաշխարհային մեծ հռչակ ուներ հատկապես հայկական մանրանկարչությունը, որը նույնպես ուսուցանվում էր վանքերում և համալսարաններում:

Այդպիսի համալսարանների մեջ խոշորագույներից էր Գլաձորը, որի հռչակը տարածված էր ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ Կիլիկիայում, Ղրիմում, Վրաստանում և այլուր: Հիմնադրված լինելով 13-րդ դարում՝ այն իր որակյալ կրթությամբ հայտնի էր որպես «երկրորդ Աթենք»: Գլաձորի համալսարանում ուսուցանվում էին թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն, քերականություն, ճարտասանություն, գրչություն և այլ գիտություններ ու արվեստներ:

 

Գլաձոր - 500 կմ Հայաստանում

 

Մինչ այժմ հստակ պարզ չէ, թե որտեղ է գտնվել Գլաձորի համալսարանը: Սակայն ամենից հավանական վայրը Թանահատի վանքի տարածքն է, որտեղ պահպանվել են ուղղանկյուն և քառանկյուն հատակագիծ ունեցող կառույցների հիմքեր: Թանահատի վանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վերնաշեն գյուղում 1984 թվականին բացվեց Գլաձորի համալսարանին նվիրված թանգարանը: