Քարանձավ ու քարանձավաբնակ ասելով` գրեթե միշտ պատկերացնում ենք քարե կամ բրոնզի դարի կյանքը, որի մասին պատկերացումներն ու երևակայությունն ավելի շատ են, քան փաստերը: Բայց, արի ու տես, որ մեր չքնաղ Սյունիքում մարդիկ ապրել են քարանձավներում մինչև անգամ 1950-ական թվականներին, երբ արդեն ծնված էին շատերիս պապ ու տատերը: Ասում են, որ վերջին քարանձավաբնակ մարդը լքել է իր կացարանը 1958թ.-ին: Դե ինչ, բարի գալուստ Խնձորեսկ:
Հին Խնձորեսկ կոչվող բնակավայրը հայտնի է մարդու կողմից ստեղծված քարանձավներով: Սա մի վայր է, որի մասին հանգիստ կարող ենք ասել, որ մարդը բնությանը ենթարկել է իր կամքին ու առավելագույնը վերցրել նրանից:
Անվան ծագումնաբանություն`
Ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, սկզբում անվանվել է Խոր ձոր կամ Խորդորովսկի և, հետագայում ձևափոխվելով, դարձել է Խնձորեսկ, իսկ ըստ ժողովրդական ստուգաբանության` անվան արմատը խնձոր բառն է:
Աշխարհագրական դիրքը`
Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում գտնվող, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ: Բարձրությունը ծովի մակարդակից 1580 մ է, զբաղեցրած տարածքը` 6772,8 հա:
Տուն-քարանձավների պատմությունը
Խնձորեսկն ունի հին ու հարուստ պատմություն: Մեզ է հասել խնձորեսկցի պատմիչ Ուսուբ-օղլու հուշագրությունը, ըստ որի` գյուղի հիմնադիրները եղել են երկու որսորդ եղբայրներ՝ Ջանաղան ու Թավարին: Փախչելով պարսկական ջարդից`նրանք Նախիջևանից հասել են Զանգեզուր աշխարհի Որոտանի կիրճը, թաքնվել Հալիձորի անտառներում, իսկ երբ խաղաղ ժամանակ դուրս են եկել որսի և ընկել են մի եղնիկի ետեևից, հասել են Հին Խնձորեսկի ձորը: Խփելով եղնիկին` եղբայրները որոշել են եկեղեցի կառուցել և այդտեղ բնակություն հաստատել:
Խնձորեսկի քարանձավներում բնակվել են ավելի քան 15.000 հայեր: Գյուղն ունեցել է 3000 տուն, որոնց մեծ մասը ժայռերի մեջ է փորված:Բնակչության նման թվի գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունիքում, այլև Արևելյան Հայաստանում: 1913-ին գյուղում կար 27 խանութ (որոնց մեծ մասը մանրավաճառ), 3 արտադրամաս և 7 դպրոց:
Շինություններից շատերը ներկառուցված են եղել միմյանց, գյուղի տարբեր մասեր հասնելու համար պահանջվել է պարանների և աստիճանների համալիր համակարգ:
Քարանձավ-բնակարանն ունեցել է երդիկ, ժայռափոր դարակներ և խորը փորված հոր` մթերք պահելու համար: Եղել են նաև երկհարկանի և եռահարկ «տներ», որտեղ ապրել են մեծահարուստ իշխանները, մի մասն անգամ պատշգամբներ է ունեցել, որոնց մուտքերին հասնելու համար անհրաժեշտ էր լինելու պարաններով իջնել ժայռից:
Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը մեզ է հասել 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանից:
Ինքնապաշտպանությունը Խնձորեսկում
Խնձորեսկը հայտնի է իր անթիվ և աննկարագրելի ինքնապաշտպանական մարտերով: Կռիվներին մասնակցել են բոլորը` անկախ սեռից և տարիքից: Քարանձավները միմյանց միանում էին ժայռափոր գաղտնի անցուղիներով, որոնք անգիր գիտեին գյուղի բնակիչները: Հարձակումների ժամանակ գյուղացիները տեղափոխվել են առավել անմատչելի ու ապահով քարանձավները, որոնք տեղակայված են եղել ուղղաձիգ ժայռերի վրա:
Ամեն մի քարայր, ամեն մի ուղի սարքած էր այնպես, որ հնարավորինս արդյունավետ ծառայի իր նպատակին: Թշնամու ներկայության դեպքում յուրաքանչյուր բնակիչ գիտեր իր անելիքը: Ջրի և սննդի հարցը խելացիորեն կարգավորված էր, ինչի շնորհիվ անգամ պաշարված վիճակում բնակիչները կարողացել են դիմանալ երկար ժամանակ, իսկ թշնամու` հսկայական ու լավ զինված բանակների հարձակումներն ապարդյուն են եղել:
Չնայած նրան, որ կռիվներն արդեն առօրյա էին գյուղի համար, բայց և այնպես բնակիչները չեն մոռացել օջախի շենացման, երեխաների կրթության ու մշակութային կյանքի մասին:
Խնձորեսկը նշանավոր է նաև իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30 թվականներին եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը:
1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» աշխատության մեջ նկարագրել է գյուղը:
«Ինը մանուկի» աղբյուրի լեգենդը
Ըստ հին ավանդության, երբ թշնամին հերթական անգամ հարձակվում է Խնձորեսկի վրա, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար: Պայքարի ընթացքում զոհվում է այրի Սոնան, ով ինը երեխաների մայր էր: Նրա հայրը` ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղում` Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր հոսում, աղջկա հիշատակին` ի բարօրություն ինը որբերի, աղբյուր է կառուցում, որի թասը կնոջ կուրծք է հիշեցնում:
Թասից ջուր հնարավոր է խմել միայն երկու ձեռքով հենվելով գետնին:
Ավարտելով աղբյուրի կառուցումը՝ ուստա Օհանը դիմում է սրբին. «Այ սուրբ աղբյուր, աղաչում եմ, թող որ աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը և պահապան լինի որբացած թոռներիս… »: Աղբյուրն անվանվել է նաև «Սոնայի կրծքեր»:
Պատմամշակութային արժեքները
Չնայած իր փոքր տարածքին, գյուղը հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներով ու տեսաարժան վայրերով:
Գյուղն ունեցել է 4 եկեղեցի` Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Թադևոս, Հին և Անապատի, 3 դպրոց, ինչը խոսում է և մեծ բնակչության, և մշակութային ու հոգևոր կյանքի առկայության մասին: Սուրբ Հռիփսիմեն կառուցվել է 17-րդ դարում` 1666թ-ին: Տուժել է և թշնամիների հարձակումներից, և բազմաթիվ երկրաշարժերից: Այսօր կանգուն է միայն եկեղեցին ու գերեզմանոցը շրջապատող ավերված պարսպապատի մի հատվածը:
Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը: Այն ունեցել է հետևյալ թաղամասերը` Փրթոս, Ծտաթաղ, Խաշխաշի ձոր, Սպիտակ գոմի դուռ, Հայրուն նով, Ծլուկ, Չահլուկ:
Ճոճվող կամուրջը
Կիրճի երկու ափերը` Հին և Նոր Խնձորեսկը, միանում են իրար 160 մ երկարությամբ և 63 մ բարձրությամբ կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին, կշռում է 14 տոննա և միաժամանակ կարող է սպասարկել միջինում մոտ 700 մարդու: Ճոճվող կամուրջից միաժամանակ երևում են Խնձորեսկի 4 եկեղեցիները:
Հետաքրքրական է, որ կամուրջը կառուցվել է գյուղի բնակիչների կողմից, իրենց սեփական ձեռքերով` խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ: Նույնիսկ բեռները տեղափոխելու համար ոչ մի մեքենա չի օգտագործվել, ամեն ինչ տեղափոխվել է ձիերով:
Ճոճվող կամուրջից բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է ուշադրության արժանի ևս մի վայր` սբ. Թադևոս եկեղեցին, որի բակում էլ թաղված է Մխիթար Սպարապետը:Եկեղեցին այժմ կիսաքանդ է, պահպանվել է միայն պատերի մի մասը:
Խնձորեսկցիները զբաղվել են դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով: Գյուղի դարբինները, ներկարարները, որմնադիրները, դերձակները, գորգագործները, զինագործները հմուտ վարպետներ էին, որոնք հաճախ սպասարկում էին նաև հարևան գյուղերին։
Հայտնի էին Խնձորեսկի աշուղները, որոնք երբեմն հասնում էին մինչև Թավրիզ, որպեսզի մասնակցեն պարսկերենով կատարվող ժողովրդական երգի մրցույթներին։
Վերջաբանի փոխարեն
Անբացատրելի է այն տպավորությունն ու զգացողությունը, երբ նայում ենք Խնձորեսկի անմատչելի ժայռերի վրա գտնվող քարայրներին: Այժմ այդ քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և զարմանում, թե մինչև ո՞ւր կարող է հասնել մարդկային երևակայությունը, ուր տեղավորվում են հեռավոր ժամանակաշրջանները:
Խնձորեսկի յուրաքանչյուր քարանձավ ունի գողտրիկ պահած մի պատմություն, որոնք խնամքով թաքնված են հսկայական ժայռափոր բնակավայրի գրկում: