Քաղցրը` քաղցրի մեջ… Ղափամա

Լիլիթ Ղազարյան07.05.2020

Վերնագիրը կարդալիս` երևի առաջին հերթին մտաբերեցիք հայտնի երգը Ղափամայի մասին` Հե~յ ջան Ղափամա, համով-հոտով Ղափամա… իսկ մենք բացի բաղադրատոմսից գիտե՞նք արդյոք Ղափամայի պատմությունն ու արմատները: Դե ինչ, ժամանակն է իմանալու ավելին մեր ազգային ամենահամեղ ուտեստներից մեկի մասին, իսկ վերջում էլ կծանոթանանաք ամենահայտնի բաղադրատոմսին:

Ավանդական ղափամա
Նկարը՝ irinasargsyan

Ազգերն աշխարհում առանձնանում են մշակույթով, պատմությամբ, կրոնով ու, իհարկե, ազգային ճաշատեսակներով: Ղափաման հայկակա՞ն է, թե՞ ոչ, հարցին լիարժեք պատասխանելու համար նախ և առաջ ծանոթանանք բառի ստուգաբանությանը:


Ոչ միայն  հայկական, այլ նաև ռուսական ճաշացանկերում ուտեստը հանդիպում է է капама կամ хапама անուններով: Ենթադրվում է, որ բառը հայերենից  անցել է թուրքերենին, քանի որ թուրքերենում  «ղափա»  նշանակում է փակ, որից էլ` «ղափաղ»,  այսինքն`«կափարիչ» բառը: Միևնույն ժամանակ նշենք, որ Ղափամա բառը  Կափամա ձևով նույնպես նման է կափարիչ բառին: Չունենալով Կ տառը` թուրքերենում դրա փոխարեն օգտագործվել է Ղ-ն, ինչպես օրինակ՝ Կապան-Ղափան, Կարախաչ-Ղարախաչ և այլն: 

Ըստ Ստեփան Մալխասյանի «Հայերեն բացատրական բառարան»-ի` Ղափաման ունի թուրքական ծագում ու նշանակում է «փակ ամանի մեջ եփած միս»: Նման բացատրությունից հետո իհարկե առաջնային համարեցինք  փնտրել Ղափաման թուրքական ազգային ուտեստների մեջ: Այցելելով  կայքեր, որտեղ նկարագրված են  թուրքական ճաշատեսակներ` Ղափամա անունով ոչ մի ուտեստ չգտանք: Իհարկե, թուրքերն ունեն նմանատիպ ճաշատեսակ, բայց պատրաստում են ոչ թե բոլորիս հայտնի եղանակով, այլ ոչխարի մսով ու ձավարով:  


Հայկական ղափամա

Ինչպես հայկական բոլոր ազգային  ճաշատեսակները, ղափաման նույնպես ունի պատրաստման ծիսական արարողակարգ:

Նկարը՝ myentertrain.com

Հիմնականում այն պատրաստում են Ամանորի կամ Բարեկենդանի ժամանակ: Ըստ ավանդության` դատարկ դդումն այն ընդհանուր ու մեծ  ամբարն է, որի մեջ ամփոփվում է անցած տարին՝ բերքն ու բարիքը, որ ստացել է հայի ընտանիքը: Հայտնի է, որ Ղափաման պատրաստվում է «քաղցրը` քաղցրի մեջ», այն նույնպես խորհուրդ ունի: Դդումի տարբեր տեսակներից ընտրում են ամենաքաղցրը` լցնելով դրա մեջ կյանքի մյուս գունեղ համերը`մեղրը, չամիչը, չիրը և այլն: Բաղադրիչների բազմազանությունը խորհրդանշում է ճոխ ու առատ կյանքը:


Կերակուրն ունի ևս մեկ հետաքրքիր պատմություն, ըստ որի դդումը խորհրդանշում է երկրագունդը,  բրինձը, չամիչը, ընդեղենը `աշխարհի ժողովրդի հավատը, սերը, իսկ մեղրը՝ միասնությունն ու քաղցրությունը: 


Մինչև բաղադրատոմսին անցնելը` մի փոքր էլ խոսենք դդումի մասին: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որի շնորհիվ շատ հեշտ է դիմակայել ձմռանն ու գարնանն ակտիվացող  վիրուսային հիվանդություններին: Ունի հակաբորբոքային ազդեցություն, օգտագործվում է նաև  կոսմետոլոգիայի մեջ։ Դդումն իրենց սննդակարգում  ընդգրակած մարդիկ հազվադեպ են հիվանդանում թոքախտով, կոկորդի քաղցկեղով և այլ հիվանդություններով։

Ավանդական ղափամա

Հետաքրքրական է, որ  դդումի խաշված ու խորովված տեսակը, կարելի է ասել,  չի կորցնում իր օգտակար հատկանիշները, չնայած` թարմ դդումի հյութը մի քանի անգամ ավելի շատ է պարունակում վիտամիններ ու միներալներ։

Նկարը՝ wikipedia

Դե իսկ վերջում` խոստացված համեղ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ է`

  • 1 հատ 2-3 կգ դդում
  • 1 բաժակ բրինձ
  • 100 գ կարագ կամ մեկ ճգ յուղ
  • 6 ճգ մեղր
  • 200 գ չամիչ
  • 200 գ սալորի չիր
  • 200 գ ծիրանի չիր
  • Աղ, դարչին:

Իսկ այստեղ կարող եք գտնել պատրաստման մի քանի եղանակներ։