Փոքրիկ շրջայց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Արև Մախսուդյան15.04.2020

Մեր քաղաքում կա մի վայր, որտեղ հանգչում են հայ ժողովրդի մեծերը, իսկ նրանց մահարձանները կարծես զրուցում են միմյանց հետ անցած-գնացած օրերի մասին: Կոմիտասի անվան պանթեոնն է այդ վայրը, որի առաջին «բնակիչը» դարձավ հենց Կոմիտաս վարդապետը, ում աճյունն ասյտեղ տեղափոխվեց Փարիզից 1936թ.-ին: Հետո մեկը մյուսի ետևից այստեղ իրենց հանգրվանը գտան տարբեր մշակութային գործիչներ: 

Կաքավիկ, Ծիրանի ծառ, Սոնա յար, Չինար ես… մի քանիսն են այն գոհարներից, որ մեզ են հասել մի մարդու կողմից, ով տեսեք թե քանի մասնագիտություն ուներ-կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ, բանաստեղծ ու արվեստագետ…

Կոմիտասի արձանը Երևանում
wikipedia.org
Կոմիտասի արձանը Երևանում

Կոմիտաս վարդապետին վիճակվեց շրջադարձային դեր խաղալ հայ երաժշտական մշակույթի պատմական զարգացման ճանապարհին: Նա հոգատարությամբ հավաքեց հայ գեղջուկի երգերը, մշակեց և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածմանն ու ճանաչմանը: Պանթեոնում կանգնեցված արձանին էլ նայելով` զգում ենք նրա հանգիստ, զուսպ բնավորությունը, իսկ ձեռքի տետրը վկայությունն է այն փաստի, որ նա իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի դարավոր մշակույթի մի ստվար հատվածը փնտրելու, հավաքագրելու, կորստից պահպանելու և սերունդներին փոխանցելու սուրբ գործին:

Կոմիտասի գործունեության թերևս ամենանշակալի կետերից է Փարիզում 1914թ. մասնակցությունը Միջազգային երաժշտական ընկերության կոնգրեսին, որտեղ իր հազարամյա պատմության մեջ աոաջին անգամ հայ երաժշտությունը, որի բազմակողմանի և խոր նկարագիրը տվեց Կոմիտասը, դարձավ համամարդկային մշակույթի սեփականություն: Եվ նորից ապացուցվեց, որ հայն ունի իր երաժշտությունը, որը մեզ է հասել ի շնորհիվ մեծ մասամբ հենց Կոմիտասի` հայ երաժշտության «Մեսրոպ Մաշտոցի»:

Հետաքրքիր է, թե ինչպես էր նա հավաքագրում մեր ժողովրդական երգերը: Գևորգյան ճեմարանում դասավանդելու տարիներին արձակուրդների ժամանակ ուսանողներին հանձնարարում էր իրենց բնակավայրերից գրի առնել երգեր և սեպտեմբերին բավականին մեծ նյութ էր ունենում աշխատելու: Ինչպես նաև ինքն էր շրջում գյուղեգյուղ և հատկապես տոն օրերին թաքուն, աննկատ, նույնիսկ կտուրներից հետևում էր ժողովրդի առօրյային, որպեսզի չկաշկանդի իր ներկայությամբ և գրառում էր լսած ամեն մի նոտան ու հնչյունը: «Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից»-ասում էր նա:

Կոմիտասի ձեռագիր` հայկական նոր նոտագրությամբ:
komitasmuseum.am
Կոմիտասի ձեռագիր` հայկական նոր նոտագրությամբ:

Ահա Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց տեսնում ենք վեր խոյացող մի շինություն, որը դեռ արտաքինից խոստանում է զարմացնել ներս մտնողին: Սա Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտն է, որը բացվել է 2015թ.: Ճարտարապետը Արթուր Մեսչյանն է, ով հիանալի լուծումներով նույնիսկ շենքի մեջ դրել է մեծ վարդապետի կյանքի խորհուրդները: Շենքերից մեկը շագանակագույն է, մյուսը`սպիտակ, ինչը խորհրդանշում է այն, որ Կոմիտասը և’ հոգևոր կյանքով էր ապրում,  և’ զբաղվում էր ժողովրդի ` դարավոր պատմություն ունեցող երգերը գրի առնելով: Սպիտակ հատվածը զանգակատունն է, և ընդհանրապես սպիտակ գույնը առաջացնում է մաքրության ու պարզության զգացում… 

Թանգարան մուտք գործելու համար մենք պետք է մի փոքր հատված բարձրանանք և երկրորդ հարկից մտնենք: Սա էլ կարծես նշանակում է, որ ելնում ենք երկնային մի թագավորություն…Երբ մտնում ենք թանգարան և անցնում սրահից սրահ, մեր վրա իջնում է Կոմիտասի հանգստության շունչը: Գրեթե բոլոր սրահներում հնչում է Կոմիտասի ձայնը, որը օդում ստեղծում է հին ժամանակներից եկած մի շունչ ու տրամադրություն, որը միայն հային է հատուկ ու հասկանալի: Սրահից սրահ անցնելով` ծանոթանում ենք հազվագյուտ փաստաթղթերի, նկարների հետ, ինչպես նաև երաժշտական մի շարք գործինքերի հետ, որոնք պատկանել են վարդապետին: 

Թանգարանի ութ սրահներում ներկայացված են Կոմիտասի կենսագրությունը,   աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները, Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիների կատարած նոտագրության դրվագները,  ստեղծագործությունները՝ հեղինակային մեղեդիները, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները, որոնցով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում, Թիֆլսում, Կ. Պոլսում և այլուր: Իսկ վերջին սրահը կոչվում է «Կոմիտասից հետո». այստեղ շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը: Կյանքն անցավ, բայց գործը մնաց… 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
komitasmuseum.am

Ավարտենք փոքրիկ շրջայցը թանգարանի համերգասրահում`ունկնդրելով Կոմիտասյան մաքրամաքուր մեղեդիներ ու գնահատելով մեր մշակույթի գանձերը: Ի դեպ, այստեղ մշտապես կազմակերպվում են միջոցառումներ ու համերգներ, որոնց մասին կարող եք տեղեկանալ հետևելով թանգարան-ինստիտուտի կայք-էջին: Իսկ եթե դեռ չեք այցելել լույսի այս տաճարը, լրացրեք այ բացը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սպասում է ձեզ: