Սուրբ Զատիկ. մոռացված ավանդույթներ

Անի Գինոսյան12.04.2020

Այսօր Քրիստոսի Հարության տոնն է՝ ժողովրդի մեջ նաև հայտնի Սուրբ Զատիկ անվամբ։ 

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։ 

Քրիստոսի հարությունը
© unitedbiblesocieties.org

Զատիկ նշանակում է զատում, մեղքերից հեռացում և վերադարձ դեպի Աստված։ Մեզ բոլորիս հայտնի կարմիր ներկված ձուն խորհրդանշում է Քրիստոսի թափված արյունը, որ մաքրում է մեր երկիրը և նոր կյանքի հնարավորություն տալիս։

Քրիստոնյաները Բարեկենդանից հետո սկսում են մեծ պահքը, որը, հարկ է նշել, չի նշանակում միայն չուտել կենդանական ծագման սնունդ։ Մեծ պահքի շրջանում մարդը պետք է ինքնակամ հրաժարվի նաև վատ սովորություններից։ Ըստ հին ավանդույթների՝ այս շրջանում չեն կատարվել պսակադրություններ։ Պահքին հաջորդում է ավագ շաբաթը՝ Քրիստոսի վերջին 7 օրերը՝ ուսուցումներ, չարչարանքներ, մահ և հարություն։ Զատկի օրը քրիստոնյաները 48 օրյա պահքից հետո մասնակցում են ճրագալույցի և Հարության պատարագներին և ստանում հաղորդություն։

Բայց այսօր եկեք մի փոքր խոսենք հայկական ավանդույթներից:

Ասում են Զատկի օրը բախտ են բաժանում, ով քնեց, բախտից կզրկվի։


Ձվախաղը մինչև օրս Զատկից պահպանված  այն եզակի ավանդույթներից է, որը, ըստ երևույթին մեր իրականության մեջ հոգեհարազատ է նույնիսկ մեր ոչ քրիստոնյա հայրենակիցներին։ Մեծ խանդավառությամբ գույնզգույն ենք ներկում հավկիթները, նկարում ենք դրանց վրա, կպչուն պատկերներ փակցնում, այնինչ ըստ ավանդության ձվերը պիտի ներկվեն միայն սոխի կճեպով։

Հիմա սովորաբար 2 հակառակորդները կռվացնում են ձվերը, հաղթողը վերցնում է պարտվողի ձուն։ Իսկ առաջ եղել են նաև այլ տարբերակներ։ Օրինակ՝ 

  • Մի քանի մարդ թեքությունից գլորում էին իրենց հավկիթները, յուրաքանչյուրը փորձում էր էնպես գլորել, որ իր ձուն դիպչի որևէ այլ ձվի։ Եթե ստացվում էր, հաղթողինն էին իրենից առաջ գլորած բոլորը հավկիթները,
  • Մի քանի խաղացող թեքությունից գլորում էին իրենց հավկիթները։ Ումն ավելի արագ և երկար գնար, նա հաղթում էր՝ շահելով մյուս մասնակիցների հավկիթները,
  • Մի քանի հոգի միաժամանակ պտտում էին իրենց հավկիթները։ Ումն ավելի երկար պտտվեր, նա էլ շահում էր մյուս բոլոր հավկիթները։

Հետաքրքիր տարբերակներ են, չէ՞, պարզ և զվարճալի։

Զատիկի ձու
© reddit.com

Այդ գիշեր եփվում էր համայնքային մատաղը, իսկ մինչ այդ երգեր էին երգվում Զատկի, Քրիստոսի Հարության և գարնան զարթոնքի մասին։ Տարեցները կարմիր հավկիթներ էին նվիրում երիտասարդ պարողներից լավագույններին։ Այդ գիշեր ծնված երեխան մեծ բախտավորություն էր համարվում։

Առավոտյան բոլորը շտապում էին եկեղեցի գնալ։ Գեղեցիկ ավանդույթ կար․ քահանայի օրհնությամբ իրար օտար մարդիկ կարող էին դառնալ իրար քույր ու եղբայր։ Այդ բարեկամությունը պահվում էր սրբորեն և տվյալ քույր-եղբայրը այլևս չէին կարող միմյանց հետ ամուսնանալ։
Մատաղն ուտելուց հետո մարդիկ միմյանց տուն էին գնում ու շնորհավորում։ Իսկ դրանից հետո, եթե եղանակը լավն էր լինում, դաշտերում շարունակվում էր խնջույքը՝ հագեցած երգերով, պարերով ու խաղերով։ Փոքրահասակները ձվախաղերից հոգնելուց հետո սկսում էին երգելով տնետուն պտտվել և հավկիթների նոր պաշարներ հավաքել։ 

Զատկի հաջորդ օրը՝ երկուշաբթի, ևս մի հետաքրքիր ավանդույթ կար․ մարդիկ մողեսների բների առաջ շաքարի կտորներ էին դնում ու ինչ-որ բան խնդրում։ Եթե մողեսը վերցնում էր շաքարի կտորը, ուրեմն խնդրանքը կատարվելու էր։ 

Զատիկի սեղան
© reddit.com

Ժամանակին Սուրբ Զատիկը ավելի մեծ շուքով և խանդավառությամբ է նշվել, քան Ամանորը։ Այսօր, ցավոք, մի շարք ավանդույթներ և սովորություններ դուրս են մղվել մեր կենցաղից։ Բայց չէ՞ որ մենք ենք մեր կենցաղը ձևավորողը։ Գուցե արժե՞ հետ վերադառնալ մեր ակունքներին և վերականգնել որոշ ավանդույթներ։