Հայաստանը Կովկաս չէ՛

Գեղամ Օհանյան05.04.2020

Բազմաթիվ նյութերում, հրապարակումներում, վերլուծություններում Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին խոսելիս շեշտվում է Կովկաս կամ Անդրկովկաս տերմինը` հատկապես քաղաքական ասպարեզում, մինչդեռ Հայաստանը, անգամ պատմական Հայաստանը, չի շոշափում Կովկասյան լեռները։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը գտնվում են Հայկական բարձրավանդակի վրա՝ զբաղեցնելով հյուսիս-արևյելյան հատվածը՝ ընդհանուր բարձրավանդակի ընդամենը մեկ տասերորդը։

Ահա քարտեզում կարմիր եզրագծով նշել ենք Կովկասյան լեռնաշղթայի հարավային եզրը և Հայկական Բարձրավանդակի հյուսիսային եզրը։ 

Արարատ
Արարատ © Հարություն Ստեփանյան

Հայկական բարձրավանդակ

Պատմական Հայաստանի հյուսիսային նահանգներն են Գուգարքը և Ուտիքը, որոնք եզերվում են Քուր գետի երկայնքով։ Հայկական բնակավայրերից հյուսիսային հատվածում են գտնվում Ջավախքը (Վրաստանում), Գարդմանը (Ադրբեջանում), որոնք այսօր մեզ չեն պատկանում, բայց անգամ այդ տարածքները Կովկասյան մեծ լեռնաշղթային չեն շոշափում։

Հայոց լեռնաշխարհ

Ընդհանուր տարածքը մոտ 400,000 քառակուսի կիլոմետր է, որի մեջ գտնվող երկու հայկական պետությունները՝ ՀՀ-ն և ԱՀ-ն միասին ծածկում են մոտ 42,000 քառակուսի կիլոմետր՝ այսինքն ընդհանուր լեռնաշխարհի ընդամենը 11%-ը։ Մոտ նույնքան տարածք է զբաղեցնում հայկական բարձրավանդակի այն հատվածը, որը գտնվում է Իրանի տարածքում։ Վրաստանում է գտնվում Ջավախքը, Ադրբեջանում՝ Գարդմանն ու Նախիջևանը։Իսկ Թուրքիայում գտնվում է մեր բարձրավանդակի մոտ երկու երրորդը։

Սիփան լեռ
Սիփան լեռ – © flickr.com

Հայկական լեռնազանգվածը նկատելիորեն տարբերվում է հարակից տարածքներից։ Այստեղ միջին բարձրությունը ծովի մակարդակից հաշվվում է 1500-1800 մետր։ Իհարկե կան նաև ավելի ցածրադիր հատվածներ, օրինակ՝ Արարատյան դաշտը, որը շատ հաճախ սխալմամբ որակում են դաշտավայր տերմինով։ Դաշտավայրերը լինում են 200 մետրից ոչ բարձր հատվածներում, իսկ Արարատյան դաշտի ցածրադիր հատվածը ունի 800 մ բարձրություն, բայց, ունենալով այսպիսի բարձրություն ծովի մակարդակից, այնուամենայնիվ համարվում է մեր լեռնազանգվածի ամենացածր հատվածներից մեկը։
Անխոս, ունենք նաև շատ բարձր կետեր և բնակավայրեր։ Բազմաթիվ լեռնաշղթաների լանջերին ծավալվում են գյուղեր, որոնք ունեն ծովի մակարդակից 2000-2500 մ բարձրություն։

Ջիլո լեռ
Ջիլո լեռ

Իսկ բարձր կետերը մեզ հայտնի լեռնագագաթներն են, որոնց առաջին հնգյակն են՝

  1. Մասիս -5165 մ  (Թուրքիա)
  2. Սավալան -4811 մ (Իրան) 
  3. Ջիլո -4168 մ (Թուրքիա)
  4. Արագած -4090 մ (ՀՀ)
  5. Սիփան -4058 մ (Թուրքիա)
Արագած լեռ
Արագած լեռ – © Հարություն Ստեփանյան

Մեր լեռնազանգվածը յուրօրինակ ու տիպիկ է իր կլիմայով, բուսական ու կենդանական աշխարհով, բնապատկերներով և դիրքով։ Այստեղ տիպիկ են բարձրադիր լեռնային լճակները, լեռնակիրճային ժայռոտ անտառները, շառաչյուն լեռնային գետերն ու նրանց վրա հաճախ հանդիպող փոքր ջրվեժները։ Ամեն բան այստեղ կցվում ու լրացվում է լեռ բառով՝ լեռնային անտառներ, լեռնային լճեր, լեռնային գետեր, լեռնային բնակավայրեր․․․

Սավալան լեռ
Սավալան լեռ – Wikipedia


Հայկական բարձրավանդակը մի իսկական լեռնազանգված է, մի մեծ տարածվող լեռ, որտեղ մարդկությունը բնակություն է հաստատել անհիշելի ժամանակներից և իր նիստ ու կացով կրկին տարբերվում է հարևան տարածքների բնակչությունից։