Երևանի 5 շուկա-հրապարակները
Երևանի շուկա-հրապարակների թիվը 17-18-րդ դարերում հասնում էր հինգի։
Դրանք էին՝
- Հուսեին-Ալի խանի կամ Մզկիթի,
- Խանբաղի,
- Զալխանի,
- Ֆահլա-բազարի
- Գլխավոր կամ Մեծ կոչված հրապարակները։
Հետաքրքիր փաստեր
- 19-րդ դ. սկզբներին Խանբաղի շուկան դուրս է գալիս շարքից. Թուրքմենչայի պայմանագրով ներգաղթողները այն ամբողջապես վերածում են բնակելի տարածության։
- Քաղաքի կենտրոնական մասում էր գտնվում մեծ հրապարակը, որն այլազգիները սովորաբար կոչում էին Մեծ Մեյդան։
- Շարդենի հիշատակության համաձայն, Երևանի մեծ հրապարակը 400 քայլ անկյունագծով մի քառակուսի տարածություն էր՝ շրջապատված ծառերով, զբոսնելու, կարուսելի, կոխի, ձիավարության և ընդհանրապես բոլոր վարժությունների համար նախատեսված հարմարություններով:
- Այնտեղ տեղի էին ունենում նաև հեծյալ ու հետիոտն մրցություններ, լարախաղացների հյուրախաղեր, մարմնամարզական ելույթներ և այլ խաղեր։
- Գլխավոր կամ մեծ հրապարակից բացի, հրապարակներ կային նաև եկեղեցիների ու մզկիթների բակերում, որոնք ծառայում էին իբրև զբոսանքի ու հանգստի վայրեր։
- Ասիայում մեյդան են կոչվում բոլոր մեծ հրապարակները։ Հիմնականում գլխավոր շուկա-հրապարակում (կամ ուղղակի՝ Մեյդան) էր կատարվում մրգեղենի և սննդամթերքների վաճառքը, իրենց ապրանքներն այստեղ էին բերում Երևանի շրջակայքի մահլաների ու գյուղերի բնակիչները։
- Մեծ հրապարակում էին գտնվում սարդարական կշեռքները՝ ղանթարը (մեծ կշեռքը) ր միրզանը (փոքր կշեռքը)։
- Քաղաքի գլխավոր շուկայից (բազար) և մյուս շուկա-հրապարակներից բացի, մի ոչ մեծ շուկա էլ գտնվում էր բերդում։ Վերջինս շրջապատված էր վատ կառուցված փոքրիկ կրպակներով։ Կշեռքների վրա սարդարի կողմից նշանակված էր հատուկ հսկիչ, որը կոչվում էր ղանթար-բաշի։ Բոլոր շուկա-հրապարակները և կշեռքները տրված էին մենավարձով։
1856 թվականի Երևանի նախագծով կար 6 հրապարակ
- Училищная
- Новая
- Сенная
- Торговая
- Хлебная
- Чолмакчинская
Ներկայումս կա 21 հրապարակ
Կենտրոն
- Հանրապետության
- Սախորովի (Փանա Խանի)
- Ազատության (Թատերական հրապարակ)
- Ֆրանսիայի
- Շ. Ազնավուրի (կառուցվել է1927-1958 թվականներին)
- Եվրոպայի
- Խաչատուր Աբովյանի (Պլանի գլուխ)
- Մխիթար Հերացու
- Արգենտինայի
- Ուրուգվայի
- Բրազիլիայի
- Ռուսաստանի
- Միյասնիկյանի
- Շահումյանի
Աջափնյակ
- Գևորգ Չաուշի
Շենգավիթ
- Գարեգին Նժդեհի (3-րդ Մաս, Սպանդարյան), 2-րդ ամենամեծ հրապարակը Երևանում:
- Աշխատանքի (Բանվորի Արձան, 1-ին Մաս)
Արաբկիր
- Բարեկամության
Էրեբունի
- Սասունցի Դավիթ
- Էրեբունի
Նոր Նորք
- Դյորի
Հրապարակի կոչում չունեն՝ Հայրենիք, Զորավար Անդրանիկ, Տիգրան Պետրոսյան, Պարույր Սևան և այլ խաչմերուկ-օղակապտույտները:
Գարեգին Նժդեհի հրապարակը ամենացածրն է Երևանում – 930 մետր (Բ.Ծ.Մ.)
Դյորի հրապարակը ամենաբարձրն է Երևանում – 1340 մետր (Բ.Ծ.Մ.)
Հանրապետության Հրապարակ, հետաքրքիր փաստեր
- Նախագծվել է Ա. Թամանյանի կողմից `1924 թվականին:
- Մակերեսը՝ 3,5 հեկտար
- Բարձրությաւնը ծովի մակարդակից `1000 մետր
- Լենինի հրապարակ (1940-1990)
Բաղկացած է հետևյալ շենքերից՝
- Կառավարության շենք № 1 – 1926-1941 թվականներ
- Հայաստանի փոստի կենտրոնական շենք – 1933-1956 թվականներ
- Կառավարության շենք № 2 – 1955 թվական
- Marriott (Արմենիա) հյուրանոց – 1958 թվական
- Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ – 1950-1977 թվականներ
Լենինի արձանը
- Լենինի յոթ մետրանոց արձանը հրապարակում կանգնեցվել է Սերգեյ Մերկուրովի կողմից`1940 թվականի նոյեմբերի 24-ին:
- Արձանը տեղադրվել է տասնմեկ մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա, որից հանվել է 1991 թվականի ապրիլի 13-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական փլուզման նախօրեին։
- Արձանը տեղադրել են բեռնատարի վրա և տարել կենտրոնական հրապարակով, ինչպես մեռածի մարմինը բաց դագաղում մարդկանց ուրախ բացականչությունների ներքո:
- Պատվանդանը հրապարակում մնացել է մինչև 1996 թվականը, ինչից հետո ապամոնտաժվել է։
- Այդ վայրում 2000 թվականի դեկտեմբերի 31-ին պատվանդանի տեղում տեղադրվել է քսանչորս մետրանոց խաչ՝ լուսավորված 1700 փոքր լամպերով:
- 2004 թվականի փետրվարին դատարկ տեղում դրվել է հեռուստատեսային էկրան, որով ցուցադրվել են ապրանքների և կազմակերպությունների գովազդները։ Էկրանը հանվել է 2006 թվականին:
- Ամեն տարի, սկսած 1950 թվականի դեկտեմբերից, ձմեռային տոներից առաջ հրապարակում տեղադրվում է տոնածառ: Գրող և ճանապարհորդ Դեերդո Հոլդինգը Հանրապետության հրապարակը կոչել է 20-րդ դարում աշխարհում կառուցված լավագույն կենտրոնական հրապարակներից մեկը:
«Յոթ աղբյուր»: Ըստ հին հայկական ասացվածքի՝ ժողովուրդը 7 աղբյուրից է ուժ քաղում:
- Ցայտաղբյուրն ազգային պատկերասրահի հարևանությամբ տեղադրվել է 1965 թվականին: Հեղինակն է ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանը:
- 1990-ականներին առևանգվեցին ցայտաղբյուրի շախմատային տուրայի տեսքով գլխիկները: 2010 թ-ին տեղադրվեցին նոր գլխիկներ, որոնց հեղինակն է դիզայներ-ոսկերիչ Արման Դավթյանը, ըստ որի` ցայտաղբյուրները պարունակում են գաղտնիքներ:
- Առաջին գաղտնիքը` 12 խորանի արանքում մեկ հայկական տառ կա: Ցայտաղբյուրները այնպես են տեղադրված, որ եթե արևի շողքը ընկնում է խմելու մասի վրա, անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա: Հետևաբար, եթե շողքը «Ա» տառի վրա է, ուրեմն ժամը 12:00-ն է, «Բ» տառը` 13:00-ն է և այդպես շարունակ:
- Երկրորդ գաղտնիքը` ներքևի «Ա» տառի վերևի մասում ևս մեկ «Ա» տառ կա` շարունակաբար առաջ գնալով կարող ենք կարդալ հետևյալ արտահայտությունը` «Անուշ լինի»: Դա ուղղված է այստեղից ջուր խմողներին:
- Երրորդ գաղտնիքը կենտրոնական մասում է գտնվում` 12 խորան ունեցող դետալի մոտ, որտեղ թափվում են «Յոթ Աղբյուրի» բոլոր ջրերը: Դրա վրա մեկ խաչ է նկարած, որոնց անկյուններում չորս լեզվով գրված է «Երևանին՝ Երևանից»: Հայերեն տառերով գրված գրությունը նայում է հարավին: Ըստ դրա, կարող եք հասկանալ` թե որտեղ է հյուսիսը, արևելքն ու արևմուտքը և շարունակել ճանապարհը ճիշտ ուղղությամբ:
- Չորորդ գաղտնիքը այդ նույն խաչի զարդանախշի մեջ է` ներգրված հինգ խորհրդանիշներ, որոնք իրար միացնելիս Նուռ բառն է ստացվում:
- Հինգերորդ գաղտնիքը յուրահատուկ կերպով բացահայտվեց: Եթե կանգնում եք ցայտաղբյուրի առջև` տառեր եք տեսնում` ներսի կողմից գրված է «Ուշ լինի», դրսի կողմից` «Նուշ լինի»:
*Ցայտաղբյուրների մասին նյութը՝ Մեդիամաքսից
- Ասում են՝ 1931թ. մրցույթ հայտարարվեց Աշխատանքի պալատի նախագծման համար: Կառուցվելու էր քաղաքի գլխավոր հրապարակում, որը ներկայումս կոչվում է Հանրապետության հրապարակ: Այն պետք է կառուցվեր հենց այն վայրում, որտեղ այժմ գտնվում է ջրավազանը:
- Հրապարակի շատրվանները կառուցվել են 1950 թվականին: Խորհրդային տարիներին` ամռանը, հաճախ կարելի էր տեսնել ջրում զվարճացող երեխաներին: Շատրվանները երգել են նաև սովետական ժամանակաշրջանում:
- Ստեփան Քյուրքչյանը ցանկանում էր ձևավորել հրապարակի ստորգետնյա ուրբանիզացում: Նախատեսվում էր խճանկարն իր ամբողջ մակերեսով իջեցնել ներկայիս մակարդակից ներքև, իսկ հետիոտները՝ ստորգետնյա անցումների շնորհիվ կարող էին հայտնվել զուգահեռ փողոցում և շարունակել իրենց ճանապարհն անհրաժեշտ մայթով:
- Բացի այդ, անցումների օգնությամբ հնարավոր կլիներ հայտնվել խճանկարի վրա՝ բաց երկնքի տակ: Իսկ ստորգետնյա հատվածում կարող էին գործել առևտրային կենտրոններ, սրճարաններ: Այդ նախագիծը չիրականացավ, քանի որ հրապարակի բարեկարգման աշխատանքների ընթացքում ստորգետնյա հատվածում հայտնաբերվեցին մի շարք կամարներ:
- 2003թ.-ին Երևանի Հանրապետության հրապարակի ողջ տարածքում իրականացվեցին բարեկարգման շինարարական աշխատանքներ: Հրապարակի ասֆալտապատ վերին շերտը հեռացնելու ընթացքում բացվեցին խոր փոսորակներ, քարե պատերի մնացորդներ, սև, կարմիր տուֆի մշակված սալիկներ, կղմինդրներ, կավանոթի բեկորները, տուֆից պատրաստված ջրատար խողովակներ:
- Պեղումների արդյունքում հայտնաբերվեցին հրապարակի և հարակից փողոցների ասֆալտի տակ պահպանված 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժիններ:
- Քառակուսի հատակագծով սրահի տարբեր բաժանմունքները ստեղծվել են խաչվող թաղերով ավարտվող միջնապատերի շնորհիվ: Բարեկարգման աշխատանքների արդյունքում հրապարակի կենտրոնում կառուցվեց հայտնի խճանկարը, իսկ պեղված տարածքները ծածկվեցին հողով ու ավազով: Մինչդեռ այդ կառույցները ներկայացնում են շինարարական արվեստի կարևոր ժամանակահատված, որը մեզանում քիչ է ուսումնասիրված:
- Հայտնաբերված գտածոները վկայում են այն մասին, որ մեր քաղաքը անընդհատ զարգացում է ապրել. «Երբ հայտնաբերեցինք հրապարակի ստորգետնյա հատվածի կառույցները, ամեն կերպ փորձեցինք պայքարել, որպեսզի դրանք չփակվեն ավազով և մենք շարունակենք պեղումները: Սակայն բարեկարգման աշխատանքներն այնքան արագ կատարվեցին, որ մեզ ոչ ոք չլսեց: Միայն ասացին՝ այս տարածքները փակում ենք՝ թողնելով հետագա սերունդներին: Սակայն այսօր էլ մենք համոզված ենք, որ այդ տարածքները կարելի էր չփակել, այլ օգտագործել ճիշտ նպատակով: Խճանկարի փոխարեն, որը մեծ գումար արժեր, կարելի էր հրապարակից ստորգետնյա մուտք ստեղծել, որը կտաներ դեպի ներքևի հարկ` դա կգրավեր զբոսաշրջիկներին: Մեր նյութերի հիման վրա մենք հստակ կարող ենք ասել, որ հրապարակում բացահայտված կառույցները 17-րդ դարի այն շենքերի նկուղներն են, որոնք տեղ են գտել ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավրնիեի և Ժան Շարդենի մոտ, որոնք քաղաքի համայնապատկերում առանձնացրել էին քրիստոնյա հայերի բնակելի թաղերը ».-ասում է Ֆրինա Բաբայանը: