Ո՞րն է արշավականների էներգիայի աղբյուրը վերելքների ժամանակ։ Եթե մեկ բառով ասենք՝ սնունդը։ Սնունդն արշավների ժամանակ մեծ նշանակություն ունի Ձեր հարմարավետության և դիմադրողականության համար, այդ իսկ պատճառով էլ կարևոր է Ձեզ հետ ունենալ ճիշտ միջուտեստ։
Եթե արշավի ընթացքում հոգնում եք, Ձեզ զգում եք ճնշված, շնչակտուր եք լինում, ասենք, որ Դուք մենակ չեք։
Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել սնունդի և արդեն Ձեր օրգանիզմի մեջ եղած «վառելիքը»։ Երբեմն կարելի է լսել Ձեր մարմնին և խախտել առողջ սննդային սովորությունները։ Հոգնած ժամանակ մեկ կտոր շոկոլադը կարող է Ձեզ ոտքի կանգնեցնել։
Ի՞նչ ուտել երկարատև արշավից առաջ
Շատերը մտահոգվում են, թե ի՞նչ սնունդ վերցնել արշավի համար, բայց քչերն են կենտրոնանում արշավից առաջ ընդունած սնունդի վրա։
- Վերելքից մոտ 2 ժամ առաջ խմեք մոտ 500 մլ ջուր
- Վերելքից անմիջապես առաջ խմեք 300-350 մլ ջուր
- Վերելքից անմիջապես առաջ կերեք շատ ածխաջուր պարունակող սնունդ, օրինակ բանան
- Վերելքից մի քանի ժամ առաջ խուսափեք բարձր յուղայնություն ունեցող սննդընդունումից
Ի՞նչ ուտել արշավի ժամանակ
Օգտագործեք ածխաջրեր՝ էներգիան պահպանելու համար
Ածխաջրերը վատ համբավ ունեն առողջ սննդակարգ պահողների մոտ։ Սակայն պետք է ընդունենք, որ մեր օրգանիզմը ավելի արագ հենց ածխաջուրն է վերածում էներգիայի։ Նույնքան կարևոր է հասկանալ, որ բոլոր ածխաջրերը չեն նույն արագությամբ փոխակերպվում։ Որոշները հաղորդում են արագ և կարճատև էներգիայի հոսք, որոշները՝ ավելի դանդաղ։
Մի քանի էներգետիկ միջուտեստներ
- Չրեր
- Ընկուզեղեն
- Արմավ
- Դառը շոկոլադ
- Բանան
- Խնձոր
- Գազար
- Վարունգ
- Վարսակի փաթիլներով թխվածքաբլիթներ
Արշավների ժամանակ է ճիշտ է կանգնել 60 րոպեն մեկ և ընդունել 30-60 գրամ ածխաջուր։
Հաճախակի խմեք
Անհրաժեշտ է սահմանել արշավի ընթացքում ջրի օգտագործման ճիշտ քանակություն։ Դա կախված է Ձեր՝
- Քաշից
- Հասակից
- Քրտնարտադրության աստիճանից
Միջինում պետք է մեկ ժամվա ընթացքում դադար առնել 1-2 անգամ և ընդհանուր առմամբ խմել մոտ 500 մլ ջուր։ Իհարկե յուրաքանչյուր օրգանիզմ յուրահատուկ է, ինչպես նաև յուրաքանչյուր արշավ՝ տարբեր։ Այդ իսկ պատճառով լսեք Ձեր մարմնին և խմեք ավելի հաճախ, եթե ունեք դրա կարիքը։
Եթե պատրաստվում եք հաղթահարել մեծ բարձրություն, փորձեք մինչ արշավը մի քանի օր սահմանափակել ընդունվող ճարպերի քանակը։
Ի՞նչ ուտել արշավից հետո
Ֆիզիկական աշխատանքը դադարեցնելուց հետո բացվում է 30 րոպեանոց «պատուհան», երբ Ձեր օրգանիզմը պատրաստ է մեծ արագությամբ յուրացնել սննդի օգտակար բաղադրիչները։ Այսպիսով՝ բարձրությունը հաղթահարելուց հետո 30 րոպեների ընթացքում Ձեր ընդունած սնունդը կարող է վերականգնել արդեն սպառված ուժերը։
Վազորդների դասական վերականգնողական սնունդը շոկոլադե կաթն է, իսկ արշավորդները կարող են օգտագործել կաթնային և շոկոլադե չոր մթերքներ։ Լավ վերականգնում են նաև էներգետիկ կամ գրանիոլային բատոնչիկները։
Լսե՛ք Ձեր մարմնին
Արշավները, ժայռամագլցումը նիհարելու և առհասարակ՝ ֆիզիկական առողջ վիճակ պահպանելու համար լավ միջոցներ են։ Բայց այդ ընթացքում պետք չէ կենտրոնանալ ընդունած կիլոկալորիաների վրա։ Կերեք այն ժամանակ, երբ սով եք զգում․ Ձեր օրգանիզմը Ձեզ ամեն ինչ հուշում է։
Ինչպես նաև լսեք Ձեր մարմնին արշավից հետո։ Այն Ձեզ կհուշի, թե ինչի՞ կարիք ունի վերականգնվելու համար։
Ահա և նրանք՝ օգտակար միջուտեստներ արշավից առաջ, արշավի ժամանակ և արշավից հետո։