Ակսել Բակունցի հետքերով

Արև Մախսուդյան20.04.2020

Զանգեզուր աշխարհ… իսկական դրախտավայր… երբ լիաթոք շնչում ես ու զգում, որ ապրում ես… Այս կատարյալ բնության մեջ բոլորը կերազեին ծնվել ու մեծանալ… ապրել բնության կողքին, բնության մեջ, բնության հետ:

Զանգեզուր աշխարհ
Զանգեզուր աշխարհ
Նկարը՝ Արև Մախսուդյանի

Զանգեզուր-Սյունիք աշխարհում ամեն քաղաք իր գեղեցկությունն ու հմայքն ունի:  Բայց կա մի քաղաք, որը պատմությանը հայտնի է դեռ վաղուց, երբ մարդն ապրում էր քարայրում: Մինչ այժմ պահպանվել է քաղաքի այդ հին քարայրներով հատվածը, որը կոչվում է Կյորես կամ հին Գորիս: Իսկ այժմյան Գորիսը` լեռների մեջ ծվարած այս քաղաքը այցելելիս հնարավորինս մոտ ես զգում բնությանը, Որոտանի վտակ Վարարակն գետի քչքչոցն էլ ամբողջացնում է պատկերը:

Գորիս
Գորիս
Նկարը՝ gorisnews

«Լեռնաշխարհի գեղեցկուհի»…այս անվանումը ստացել է քաղաքը իր ոչ միայն դիրքի, այլ նաև հարմարավետ տնակների, փողոցների ու կոլորիտի համար:

Ակսել Բակունց

Հայաստանի այս չքնաղ անկյունում է ծնվել հայ գրականության մեջ իր սքանչելիորեն գեղեցիկ «ձեռագրով» տարբերվող արձակագիր Ակսել Բակունցը, ում հիշում ենք դեռ գրականության դասագրքից` «Ալպիական մանուշակ»-ով:  Նրա երկերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողի մեջ:

Նկարը՝ arm-biography

Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է»:

Շատ կապված էր Բակունցը հայրենիքի, հայրենի հողի հետ: Նա երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ: Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից առիթ: Սիրում էր գյուղը: «Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած` գյուղից գյուղ շրջելիս»,- ասում էր նա: Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակտոր և ագահաբար կհամբուրեր:

Ակսել Բակունց

«Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ~,»- հպարտանում էր Բակունցը:

Նկարը՝ vikamarkosyan

Ցավոք խորհրդային ժամանակներում ապրելը կրճատեց նրա գրական կյանքն ու ընդհանրապես զրկեց կյանքից: Ազգը, գովերգելը, ազգային խնդրին, երկրին անդրադառնալը լավ հետևանքներ չէր բերում ստեղծագործողներին` այդ թվում և Բակունցին, ով գնդակահարվեց 1937թ. :

Գորիսի կոլորիտային փողոցներից մեկում է գտնվում այն տունը, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել Ակսել Բակունցը:1970թ. Այստեղ հանդիսավոր կերպով տեղի ունեցավ նրա տուն-թանգարանի բացումը, որպես Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի(ԳԱԹ) մասնաճյուց: Այդ օրվանից ի վեր այն Գորիս քաղաքի կաևորագույն մշակութային օջախներից մեկն է:

Գորիս․ Ակսել Բակունցի տուն-թանգարան
Գորիս․ Ակսել Բակունցի տուն-թանգարան

Թանգարանը յուրահատուկ է նրանով, որ այստեղ ոչ մի իր գնված չէ. շուրջ 500-ի հասնող բոլոր ցուցանմուշները նվիրատվություններ են: Տուն-թանգարանը վերանորոգված է ճիշտ այն ձևով, ինչպես գրողի կենդանության օրոք էր: Վերանորոգվել է նաև այն գեղեցիկ այգին, ուր Բակունցը տնկում և մեծացնում էր այնպիսի հազվագյուտ ծառեր ու բույսեր, որոնք հետագայում տարածվեցին ամբողջ Սյունիքի տարածքում (Բակունցը հիանալի գյուղատնտես էր):

Թանգարանում կա երեք սենյակ և հացատուն : Անմիջապես մուտքի առջև Բակունցի հուշասենյակն է, որտեղ նրա գրասեղանն է, վերնաշապիկը, կահույքը, մոր գործած գորգը: Հաջորդ ցուցասրահը ճաշասենյակն է, որտեղ ներկայացված են փաստաթղթեր, գեղանկարներ, լուսանկարներ, անձնական իրեր, գրքեր, ձեռագրեր : Մյուս ցուցասրահը Բակունցի ծնողների սենյակն է, իսկ հացատունը կահավորված է պղնձեղենով և վերաբացված թոնիրով:

Բակունցի 105-ամյակին նվիրված խաչքար

Թանգարանի գեղեցիկ այգում կարող ենք տեսնել նաև մի խաչքար, որը նվիրված է Բակունցի 105-ամյակին և փոխարինում է գրողի անհայտ գերեզմանը:

Այպիսով Զանգեզուր-Սյունիք աշխարհում ևս մի հետաքրքիր նպատակակետ ավելացնենք մեր զբոսաշրջային աշխարհում: