Ուրասար

Բազումի լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Ուրասար լեռը, գտնվում է Լոռվա և Շիրակի մարզերի սահմանին, ունի 2992 մետր բարձրություն։ Բնությունը լեռնամարգագետնային է, խոնավ՝ բնորոշ Լոռվա մարզի ընդհանուր միջավայրին։ Լեռնաշղթան մի յուրահատկություն ունի. սիրում է գրկախառնվել ամպերի հետ և հաճախ Ուրասարի գագաթը բարձրանալով` հայտնվում ես ամպերից վերև։

Լեռան լանջերից դուրս են գալիս սառնորակ աղբյուրներ, որոնք, ի տարբերություն շատ այլ լեռների, ողջ տարին չեն ցամաքում և ձուլվելով իրար` դառնում են գետակներ ու իջնում հարակից գյուղերը։ Կենդանական աշխարհը ակտիվ է, տարածքում ապրում են արջեր, աղվեսներ, գայլեր, լեռան ստորոտներին զարգացած է խոշոր անասունների բուծումը։