Տաթև

Ավանդությունը պատմում է, որ Տաթևի վանքի գլխավոր վարպետը, ավարտելով տաճարի կառուցումը, հենց տաճարի վրայից թևեր խնդրեց Աստծուց, ստացավ դրանք ու թռչելով հեռացավ: Այդ օրվանից տեղի բնակիչները վանքը անվանեցին Տա թև:

 

Տաթև - 500 կմ Հայաստանում

 

Ժամանակին, իհարկե, մարդիկ շատ մեծ դժվարություններով են հասել այս սքանչելի վանքային համալիրը, քանի որ այն Սյունիքի լեռների ու ձորերի բարդ ու խճճված կոմպոզիցիայի մեջ մի թաքնված ծաղկի է նման: Գուցե հավատացյալներից շատերը կես ճանապարհից, իրոք, սկսել են Աստծուց թևեր խնդրել: Ստացել են, թե ոչ, ոչ ոք չի կարող ասել: Սակայն այժմ քեզ վանքային համալիր հասնելու համար ընդամենը պետք է ճոպանուղու տոմս գնել: Տաթևի ճոպանուղին, որը գործում է 2010 թվականից, աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկն է և նույնիսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի և անկանգառ ճոպանուղի: 

 

Տաթև - 500 կմ Հայաստանում

 

Ճոպանուղու «թևերով» վայրէջք կկատարես Տաթևի վանական համալիրի տարածք, որի կառուցումը սկսվել է 9-րդ դարից: Այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ ու ամենանշանավոր վանքային համալիրներից է, որտեղ գործել է նաև դպրոց, համալսարան, գրչատուն: Տեղանքն ի սկզբանե ընտրված է այնպես, որ բնականորեն մի կողմից արդեն պաշտպանված է՝ խորն ու անանցանելի կիրճերով, իսկ մյուս կողմերից պաշտպանության խնդիրը լուծել է արդեն տեղացին՝ կառուցելով ամուր պարիսպներ: Վանքային համալիրի մեջ ներառված է 3 եկեղեցի, որոնցից գլխավորը սբ. Պողոս-Պետրոսն է, որը հիշեցնում է Հայաստանում մեծ տարածում գտած գմբեթավոր բազիլիկ տիպը: Ներսից այն ծածկված է 10-րդ դարի որմնանկարներով, որոնք, ճիշտ է, այսօր մեզ են հասել շատ վատ վիճակում և հազիվ են նշմարվում, սակայն բացառիկ են նրանով, որ այստեղ աշխատել են Արևմտյան Եվրոպայից հրավիրված վարպետներ՝ տեղացի վարպետների հետ մեկտեղ:

Համալիրի տարածքում ամենաառեղծվածային կոթողը ճոճվող սյունն է կամ գավազանը, որը սբ. Երրորդություն անունն է կրում: Դարեր շարունակ այն կարծես պահապանի նման ճոճվելով հայտնել է տեղացիներին թշնամի զորքերի մոտալուտ ժամանումը, և նրանք պատրաստվելու ժամանակ են ունեցել: Գուցե հենց դա է պատճառը, որ իր պատմության գրեթե ողջ ընթացքում Սյունիքը եղել է անկախ ու աներեր:

Բացի այս բոլոր կոթողներից, վանքի տարածքում կան նաև բազում կոմունալ շինություններ, խաչքարեր և այլ հետաքրքիր հուշարձաններ:

 

Տաթև - 500 կմ Հայաստանում

 

Եթե հասել ես Տաթևի վանական համալիր, ուրեմն շնորհավորում ենք քեզ, դու «թռել» ու անցել ես 500կմ Հայաստանում: