Դեպի Բջնի

Արև Մախսուդյան10.05.2020

Բջնի․․․լսե՞լ եք այս անունը։ Երևի միանգամից հանքային ջուրն է հիշեցնում,  չէ՞։ Բայց իրականում Բջնին իմ մանկության ամառների գույներն իր մեջ խտացրած մի փոքրիկ գյուղ է, որտեղ, այո՛, հանքային բնական ջուր էլ կա՝ հայտնի իր բուժիչ հատկություններով։Ի դեպ այն շշալցվում է հենց գյուղում գործող գործարանում:

Գյուղը Երևանից հեռու է ընդամենը 45կմ, բայց այն, ցավոք, անհայտ է Հայաստանաբնակներին: Իրականում` Թեղենյաց լեռների մեջ ծվարած Բջնին հարուստ պատմական անցյալ ունի, որի վկաներն այսօր էլ կանգուն են:

Սբ․ Սարգիս եկեղեցի
Սբ․ Սարգիս եկեղեցի
Նկարը՝ garnigeghard.com

Այն գտնվում է Կոտայքի մարզում, մարզկենտրոն Հրազդանից 18կմ հեռավորության վրա` Հրազդան գետի երկու ափերին: Պատմության մեջ հիշատակվում է դեռ 5-րդ դարից: Հայաստանի ամենափոքրիկ խաչաձև-գմբեթավոր եկեղեցին`Սբ.Սարգիսը, գտնվում է այստեղ` մի բլրի վրա:  Կառուցվել է 7-րդ դարում: Իսկ նրան հանդիպակաց բլրին պահպանվել են 10-11րդ դարերին կառուցված Վասակ Պահլավունու ամրոցի բերդապարիսպներից հատվածներ: Ամրոցի տարածքում հայտնաբերվել են պալատական շինության հիմքերը և մի ամբար, որը հավանաբար օգտագործվել է սնունդ ամբարելու համար:

Գյուղի զարդն է համարվում ամրոցից քիչ հեռու գտնվող 1031թ. Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կառուցած սբ. Աստվածածին եկեղեցին: Այդ ժամանակ Հայաստանի չորս եպիսկոպոսանիստ աթոռներից է եղել`Հաղպատի, Տաթևի և Թադեի վանքերի հետ: 1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում: Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Եկեղեցու շուրջ պահպանվել են նաև հազարամյա խաչքարեր:

Բջնի բերդ
Բջնի Բերդ
Նկարը՝ markgrigorian

Հետաքրքիր է, որ Բջնի բերդում պահպանվել է մի գաղտնուղի, որն ըստ լեգենդի, կապված է եղել եկեղեցու և գետի հետ: Երբ 13-րդ դ. Լենկ Թեմուրը ժողովրդին լցրել էր եկեղեցի այրելու համար կամ ուղղակի  պաշարման ժամանակ մարդիկ խնդրել են մտնել սրբավայր աղոթելու, նրանք հանկարծ անհետացել են, իսկ քահանան ասել է, որ մարդիկ թիթեռ ու աղավնի դարձան, թռան գնացին: Իրականում մարդիկ գաղտնուղուվ (այն ժամանակների համար չլսված բան էր դա) բարձրացել էին բերդը ու փրկվել, ապրել այնտեղ հավաքած պաշարով: Լենկ Թեմուրը ինչ-որ հրաշքով չի ավերում եկեղեցին`կարծելով, որ այն կախարդական զորություն ունի:

Սբ․ Աստվածածին եկեղեցի
Սբ․ Աստվածածին եկեղեցի
Նկարը՝ Hayk Tiraturyan

Գյուղում վերջերս բացվել է փոքրիկ հուշասրահ թանգարան, որտեղ հավաքվել են բերդի տարածքում կատարված պեղումների կամ գյուղացիների շինարարական աշխատանքների շնորհիվ գտնված բազմաթիվ պատմական նշանակություն ունեցող իրեր`հիմնականում կահկարասու և կենցաղային իրերի մնացորդներ:

Ահա Բջնիի մասին փոքրիկ ակնարկ, իսկ մնացածը կթողնենք գնաք և բացահայտեք ինքներդ, գնաք և հիանաք Հայատանի այս անկյունով ևս, վայելեք սարերի մաքուր օդն ու գյուղացիների հյուրասիրությունը: